Գլխավոր էջ Information Center News Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը, համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանն այսօր՝ փետրվարի 28-ին, հյուրընկալել են գյումրեցի դարբինների

28.02.2024թ. Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը, համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանն այսօր՝ փետրվարի 28-ին, հյուրընկալել են գյումրեցի դարբինների: Օրեր առաջ համայնքի ղեկավարը հյուրընկալել էր դարբինների մեկ այլ խմբի:

Ողջունելով ներկաներին, Վարդգես Սամսոնյանն իր խոսքում անդրադարձ է կատարել Գյումրիի դարբնության ավանդույթին, դարբնության միջազգային ճանաչելիության կարևորությանը, դրա ուղղությամբ անհրաժեշտ միջոցներին ու աշխատանքներին. «Դարբինների մեկ այլ խմբի հետ օրեր առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ միտք է առաջ եկել՝ դարբինների պուրակ ունենալ Գյումրիում, ձեզանից յուրաքանչյուրն իր գործը կներկայացնի այդ պուրակում: Եթե համաձայն եք շատ լավ, եթե կան այլ տարբերակներ՝ առաջարկեք, քննարկենք, որոշենք ու նախաձեռնենք: Պուրակը կլինի ևս մեկ հետաքրքիր վայր մեր քաղաքում, թե՛ քաղաքի բնակիչների, թե՛ զբոսաշրջիկների համար: Այս կերպ մենք կկարողանանք սերունդներին փոխանցել դարբնագործության հարուստ պատմությունը»,- ավելացրել է Վ.Սամսոնյանը:

Ներկաներին ողջունել, իր երախտիքի ու շնորհակալության խոսքն է հղել նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը: Իր խոսքում Լուսինե Սանոյանը կարևորել է դարբնության արհեստը, ընդգծել, որ ամեն ինչ պետք է արվի՝ արհեստը պահպանելու ու առավել տարածելու համար:

Դարբիններն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար, խոսել իրենց արհեստի, դրա պահպանման ու սերունդներին փոխանցման կարևորության մասին։

Գյումրու քաղաքային դարբնագործության ավանդույթը, նրա պատմությունը, ավանդական հմտություններն ու գիտելիքները պահպանելու և փոխանցելու, ինչպես նաև նպաստելու դարբնության ավանդույթի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ընդգրկելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար դարբինները պարգևատրվել են շնորհակալագրերով և խորհրդանշական ժամացույցներով:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 18-րդ միջկառավարական նստաշրջանին գրանցվել է Հայաստանի Հանրապետության 8-րդ՝ «Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը։

Տարրի գրանցումը ցանկում մեկ անգամ ևս արժևորում է Գյումրի համայնքը, տոհմիկ դարբինների վարպետությունն ու գիտելիքը: Այն կնպաստի դրանց զարգացմանն ուղղված նոր գաղափարների ու ծրագրերի իրականացմանը՝ բարձրացնելով դարբնության միջազգային ճանաչելիությունը: Հետևեք մեզ տելեգրամում