Գլխավոր էջ Information Center News Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանն այսօր՝ փետրվարի 21-ին, հյուրընկալել են գյումրեցի դարբիններին...

21.02.2024թ. Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանն այսօր՝ փետրվարի 21-ին, հյուրընկալել են գյումրեցի դարբիններին:
Ողջունելով ներկաներին, Վարդգես Սամսոնյանն իր խոսքում անդրադարձ է կատարել Գյումրիի դարբնության ավանդույթին, դարբնության միջազգային ճանաչելիության կարևորությանը, դրա ուղղությամբ անհրաժեշտ միջոցներին ու աշխատանքներին. «Ձեր աշխատանքներն ամբողջ աշխարհով տարածում ունեն, ամեն անգամ այդ մասին լսելիս ուրախանում ենք: Սերնդեսերունդ փոխանցվում է ձեր տաղանդն ու արվեստը, բայց ցավ ենք ապրում, որ այս գործի շարունակողներն են քիչ: Խոսքիս ընթացքում միտք առաջ եկավ՝ դարբինների պուրակ ունենալ Գյումրիում, ձեզանից յուրաքանչյուրն իր գործը ներկայացնի այդ պուրակում: Եկեք քննարկենք, որոշենք ու նախաձեռնենք: Պուրակը կլինի ևս մեկ հետաքրքիր վայր մեր քաղաքում, թե՛ քաղաքի բնակիչների, թե՛ զբոսաշրջիկների համար: Այս կերպ մենք կկարողանանք սերունդներին փոխանցել դարբնագործության հարուստ պատմությունը»,- ավելացրել է Վ.Սամսոնյանը:

Ներկաներին ողջունել, իր երախտիքի ու շնորհակալության խոսքն է հղել նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը.«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ Գյումրու անունը ամբողջ աշխարհում հնչեցնելու համար: Մենք պետք է պահենք ու պահպանենք դարբնության արհեստը, ամեն ինչ անենք, որ հանկարծ չմարի դարբնությունը: Գյումրին Հայաստանում հայտնի է դարբնության արհեստով, դա ես չէ, որ պետք է ասեմ, բայց միևնույն ժամանակ պետք է այնպես անենք, շատ զբոսաշրջիկներ ներգրավենք, բոլորը տեսնեն ձեր աշխատանքները»,- ավելացրել է Լ.Սանոյանը:

Դարբիններն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար, խոսել իրենց արհեստի, դրա պահպանման ու սերունդներին փոխանցման կարևորության մասին։

Գյումրու քաղաքային դարբնագործության ավանդույթը, նրա պատմությունը, ավանդական հմտություններն ու գիտելիքները պահպանելու և փոխանցելու, ինչպես նաև նպաստելու դարբնության ավանդույթի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ընդգրկելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար դարբինները պարգևատրվել են շնորհակալագրերով և խորհրդանշական ժամացույցներով:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 18-րդ միջկառավարական նստաշրջանին գրանցվել է Հայաստանի Հանրապետության 8-րդ՝ «Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը։

Տարրի գրանցումը ցանկում մեկ անգամ ևս արժևորում է Գյումրի համայնքը, տոհմիկ դարբինների վարպետությունն ու գիտելիքը: Այն կնպաստի դրանց զարգացմանն ուղղված նոր գաղափարների ու ծրագրերի իրականացմանը՝ բարձրացնելով դարբնության միջազգային ճանաչելիությունը: