ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի հայրենակիցներ,

Համայն հայությունն այսօր ոգեկոչում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Մեկ դարից ավելի է անցել այն օրից, երբ Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրվեց և իրագործվեց սարսափելի ոճրագործություն, որին զոհ դարձավ 1.5 մլն հայ: Հայոց ցեղասպանությունը ոճիր է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ համայն մարդկության դեմ, իսկ ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար: 1915 թվականին Օսմանյան կայսրությանը չհաջողվեց ոչնչացնել հայությանը, այսօր առավել ևս չի հաջողվի լռեցնել ճշմարտության ձայնը, ջնջել հայի ինքնությունն ու հիշողությունը: Հանուն արդարության կայացման և մարդկության դեմ նման վայրագությունների բացառման համար, հայի կողքին պայքարել ու շարունակում են իրենց պայքարը բազում պետություններ: Վստահ եմ՝ վաղ թե ուշ Թուրքիան առերեսվելու է իր պատմության արյունալից էջերին, համապատասխան գնահատականի արժանանալով իր հրեշավոր հանցանքի համար: Ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ իմ խորին հարգանքն եմ բերում հայ ժողովրդի անմեղ զոհերին, հայ ազգին մաղթելով խաղաղություն, միասնականություն և անկոտրում կամք:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան