Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հյուրընկալել է ԱՄՆ «Bridged» ընկերության կողմից ստեղծված «HealthLink Global»-ի ներկայացուցիչներ Անի Քեշիշյանին և Էլիզաբեթ Սարգիսյանին

22.12.2023թ. Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հյուրընկալել է ԱՄՆ «Bridged» ընկերության կողմից ստեղծված «HealthLink Global»-ի ներկայացուցիչներ Անի Քեշիշյանին և Էլիզաբեթ Սարգիսյանին: Հանդիպմանը ներկա է եղել համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը: Անի Քեշիշյանը արմատներով գյումրեցի է, երկար տարիներ է ինչ բնակվում է ԱՄՆ-ում, գործունեություն ծավալում բրենդային և նորարարության ոլորտում: Նրա դուստրը՝ Էլիզաբեթ Սարգիսյանը, ծնվել է ԱՄՆ-ում: Այս օրերին նրանք Հայաստանում են, իսկ նրանց հետագա ծրագրերում՝ Գյումրիում ակտիվ գործունեություն ծավալելն է:

Համայնքի ղեկավարը ողջունել է մեր համաքաղաքացու այցը Գյումրի, կարճ անդրադարձ կատարել հատկապես վերջին տարիներին Գյումրիում իրականացվող մեծամասշտաբ ծրագրերին, քաղաքի զարգացմանն ու առաջընթացին, ներուժին, խոսել որպես զբոսաշրջային քաղաք Գյումրու գրավչության, աշխարհի տարբեր անկյուններից զբոսաշրջային հոսքերի ու մի շարք այլ հարցերի, ապա Անի Քեշիշյանը ներկայացրել է այցի նպատակն ու ծրագիրը, որը կրկին առնչություն ունի զբոսաշրջության հետ: Ամերիկաբնակ մեր համաքաղաքացու ներկայացմամբ՝ նախատեսում են Գյումրիում մեկնարկել ու զարգացնել բժշկական զբոսաշրջությունը:

Ինչպես նշում է Անի Քեշիշյանը՝ «HealthLink Global»-ի առաքելությունն է դառնալ թվային բժշկական զբոսաշրջության առաջատար շուկան՝ ամբողջ աշխարհում, որի վերջնական նպատակն է ազգերը վերածել աշխարհի առաջատար բժշկական զբոսաշրջության ուղղությունների.«Մենք նորարար հարթակ ենք, որը նվիրված է անխափան, միանգամյա լուծում առաջարկելու այն անհատներին, ովքեր փնտրում են ծախսարդյունավետ, բարձրորակ բժշկական օգնություն Հայաստանում, իսկ Գյումրին լինելու է այդ ծրագրի կարևոր ուղղություններից մեկը: Մեր տեսլականում ունենք նպատակներ, օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներ, մատուցել ծառայություններ միջազգային ստանդարտներին համապատասխան: Նախատեսում ենք բժշկական ծառայություններ մատուցելն պլաստիկ վիրաբուժության և ատամնաբուժության ոլորտներում: Վրաստանում այդ փորձը կա, մենք էլ ցանկանում ենք դա տեղայնացնել Հայաստանում և, մասնավորապես, Գյումրիում՝ համագործակցելով թե՛ Հայաստանի լավագույն, և՛ թե արտասահմանյան հեղինակավոր բժիշկների հետ: Ծրագրի իրականացման գործում իրենց լուրջ դերակատարությունն են ունենալու Սփյուռքի մեր հայրենակիցները, նախատեսում ենք համագործակցել ՀՀ կառավարության, ինչպես նաև առողջապահության, էկոնոմիկայի և սփյուռքի նախարարությունների հետ»,-ավելացրել է Ա.Քեշիշյանը:

Վարդգես Սամսոնյանն իր խոսքում կարևորել է ծրագիրը, միաժամանակ պատրաստակամություն հայտնել աջակցելու՝ ունեցած հնարավորությունների շրջանակներում:

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում կրկին հանդիպել ու քննարկել ծրագրին առնչվող մանրամասներ: