Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ Հոկտեմբերի 3-ին Գյումրու «Սև բերդ» ամրոցում տեղի է ունեցել Մեխակ Ղազարյանի անվան բռնցքամարտի մրցաշարի եզրափակիչ մենամարտը

Հոկտեմբերի 3-ին Գյումրու «Սև բերդ» ամրոցում տեղի է ունեցել Մեխակ Ղազարյանի անվան բռնցքամարտի մրցաշարի եզրափակիչ մենամարտը: ԽՍՀՄ եռակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Մեխակ Ղազարյանի անվան բռնցքամարտի մրցաշարը կազմակերպվել և անցկացվել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի, Գյումրու համայնքապետարանի, Գյումրի համայնքի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ-ի և սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների նախաձեռնությամբ: Մրցաշարին մասնակցել են պատանի բռնցքամարտիկներ Շիրակի մարզից, Երևանից, Վանաձորից, Արարատից, Էջմիածնից ինչպես նաև՝ Ռուսաստանի Դաշնությունից:

Եզրափակիչ մրցաշարին ներկա են եղել ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանը, Շիրակի մարզպետարանի մշակույթի ու սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը, անվանի վետերան բռնցքամարտիկներ և այլք: Ողջույնի, շնորհավորանքի խոսքով հանդես է եկել ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը: Ռուբեն Սանոյանը ներկաներին փոխանցել է նաև Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի ողջույնի, շնորհավորանքի և շնորհակալության խոսքը, որում համայնքի ղեկավարը անդրադարձ է կատարել Մեխակ Ղազարյանի գործունեությանը, սպորտի ոլորտում ունեցած մեծ ավանդին և ոլորտի գրացված հաջողություններին. «Նրա աշխատանքի արդյունքում Գյումրին ունեցել է Օլիմպիական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիրներ, ինչպես նաև՝ աշխարհի և Եվրոպայի բազմաթիվ չեմպիոններ, փոխչեմպիոններ և բրոնզե մեդալակիրներ, ընդհանուր հաշվով՝ 237 մեդալ: Այսինքն, Հայաստանի Հանրապետության մարզական նվաճումների շուրջ 1/3–ը բաժին է հասնում գյումրեցի մարզիկ–մարզուհիներին»,-նշված է եղել համայնքի ղեկավարի խոսքում:

Մրցաշարի ընթացքում ՀԱՕԿ-ի կողմից Մեխակ Ղազարյանը պարգևատրվել է Վլադիմիր Ենգիբարյանի անվան ոսկե մեդալով, որը Մեխակ Ղազարյանին փոխանցել է Դերենիկ Գաբրիելյանը: Շիրակի մարզի Երկրապահ կամավորականների միության կողմից Մեխակ Ղազարյանը պարգևատրվել է նաև ԵԿՄ մեդալով: