Գլխավոր էջ Information Center News Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այցելել է Արագած թաղամաս...

22.03.2024թ. Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այցելել է Արագած թաղամաս, հանդիպել Արագած 3-րդ թաղամասի 2-րդ շենքի բնակիչների հետ: Բնակիչները համայնքի ղեկավարին ներկայացրել են դեպի իրենց շենք տանող ճանապարհի, լուսավորության, բակի բարեկարգման, խաղահրապարակի կառուցման, վերելակի բացակայության ու հարակից այլ խնդիրներ ու հարցեր:

Համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների և բնակիչների հետ տեղում քննարկվել ու առաջ են քաշվել ներկայացված խնդիրներին առնչվող մանրամասներ, դրանց լուծման հնարավոր տարբերակներ:

Վարդգես Սամսոնյանն իր խոսքում նշել է, որ այս պահին ընթացքի մեջ են տվյալ թաղամասի, այդ թվում նաև Արագած 3-րդ թաղամասի 2-րդ շենքի վերելակի տեղադրմանն առնչվող հարցերը, ընդգծել, որ առաջիկա օրերին կիրականացվեն շենք տանող ճանապարհի հարթեցման ու խճապատման, փողոցի արտաքին լուսավորության, լուսակետերի մասով առկա խնդիրների կարգավորման աշխատանքներ.«Տեսնենք ինչպես կստացվի, եթե հնարավոր եղավ, այս տարի շենքի մուտք բերող ճանապարհը կասֆալտապատենք, փորձենք կարգավորել նաև խաղահրապարակի հարցը, մեր պատասխանատուներն հիմա այստեղ են, կուսումնասիրեն, որ աշխատանքները մեր տիրույթում են ու նաև հնարավոր է անել՝ մենք միջոցներ կձեռնարկենք: Վերելակների հարցն ենք ուզում կարգավորել, պարզ է, որ խնդիրները շատ են, բայց պետք է փուլ-փուլ կարգավորենք»,-ավելացրել է Վ.Սամսոնյանը: