Գլխավոր էջ Information Center News Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը հյուրընկալել են Գյումրու «Ֆոտոն»...

12.03.2024թ. Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը հյուրընկալել են Գյումրու «Ֆոտոն» վարժարանի տնօրեն Կարինե Պետոյանին, նույն դպրոցի ուսուցչուհի Մանյակ Մութաֆյանին և դպրոցի սան Դավիթ Բադիշյանին:

Ղազախստանում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 20-րդ օլիմպիադայում «Ֆոտոն» վարժարանի XII ֆիզմաթ դասարանի աշակերտ Դավիթ Բադիշյանն արժանացել է բրոնզե մեդալի՝ ինֆորմատիկա առարկայից, իսկ ուսուցիչների միջազգային լիգայում վարժարանի ուսուցիչ Մանյակ Մութաֆյանն արժանացել է ոսկե մեդալի։

Վարդգես Սամսոնյանը ողջունել է հյուրերին, շնորհավորել գրանցած հաջողությունների առիթով, խոսել «Ֆոտոն» վարժարանի սաների կողմից տարբեր ժամանակներում ունեցած ձեռքբերումների մասին, կարևորել մեր երեխաների մասնակցությունը հեղինակավոր օլիմպիադաներում․ «Մեր երեխաների գրանցած հաջողությունները ոգևորիչ են բոլորիս համար, ամեն անգամ հպարտություն ենք ապրում, երբ լսում ենք, որ հեղինակավոր մրցաշարերում ունենում ենք մեդալակիր երեխաներ: Սա դպրոցի տնօրինության, ուսուցչական կազմի մեծ ջանքերի, երեխաների աշխատասիրության ու նվիրումի արդյունքն է: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել նաև ծնողներին, նրանց լուման ևս շատ մեծ է, նրանց դաստիարակության, հետևողականության և ներդրվող ջանքերի արդյունքում է նաև, որ գրանցվում են նման հաջողություններ»,-ավելացրել է Վ․ Սամսոնյանը։

Ներկաներին ողջունել, իր շնորհավորանքի ու շնորհակալության խոսքն է հղել նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը: Իր խոսքում Լուսինե Սանոյանը ևս անդրադարձել է «Ֆոտոն» վարժարանի սաների հաջողություններին ու ձեռքբերումներին, խոսել նմանօրինակ հյուրընկալումների և հանդիպումների կարևորության մասին, միաժամանակ ընդգծել, որ դրանք իրենց հերթին կարող են մոտիվացնել երեխաներին՝ առավել ջանասիրությամբ սովորելու և հետագա հաջողություններ գրանցելու համար:

Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ընդունելության համար, ընդգծել, որ հաճելի է քաղաքային իշխանության հյուրընկալությունը, ապա խոսել նաև հետագա ծրագրերի և մի շարք այլ հարցերի մասին։