Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի գյումրեցիներ,

Ժամեր անց ճանապարհ կդնենք աշխարի և, մասնավորապես, Հայաստանի համար ծանրագույն մի տարի: Տարի, որից ակնկալիքներն ու սպասումներն անհամեմատ մեծ էին, բայց իրողությունները փոխեցին դրանց ընթացքը: Աշխարհին պատուհասած համավարկը չշրջանցեց նաև Հայաստանը: Համավարակի դեմ պայքարի միջոցառումներ, արտակարգ դրության պայմաններում աշխատանքի և գործընթացների կազմակերպման անհրաժեշտություն, ինչն իր հետ բերեց բավական մեծ դժվարություններ: Հուլիս ամսին Գյումրին բախվեց ևս մեկ խնդրի, ինչը վերջին 170 տարվա ընթացքում առաջին անգամ էր գրանցվում: Հորդառատ անձրևն ու կարկուտը մեծ վնասներ հասցրեցին քաղաքին և, հատկապես, տնակային տնտեսությանը: Տարվա երկրորդ կեսին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում երկրում իրավիճակն առավել բարդացավ: Իմ և բոլոր գյումրեցիների անունից մեր խոնարհումն ենք բերում հայրենիքի պաշտպանության համար ամենաթանկը` իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսների հիշատակին:

Չնայած երկրի համար ծանգարույն այս շրջանին և դրան զուգահեռ առաջ եկող դժվարություններին` կարողացանք բնականոն հունով շարունակել քաղաքի վերակառուցման և բարեկարգման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի փողոցաշինական ծրագրի երկրորդ փուլով այս տարի հիմնանորոգվել է մոտ 10 կմ ճանապարհ: Կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվեց 15 փողոց, մոտ 6 կմ ճանապարհ, մեկ տասնյակից ավելի մեքենա-սարքավորումներ ձեռք բերեցինք, ինչն անհրաժեշտ էր քաղաքի աղբահանության և սանմաքրման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի, Համաշխարհային բանկ ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում քաղաքի բարեկարգման ու զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերն իրենց շարունակությունը կունենան նաև 2021 թվականին: Մեր բոլոր ջանքերն ու ծրագրերը պետք է ուղղված լինեն Գյումրին տուրիստական կենտրոն դարձնելուն եւ պատմական քաղաքի ողջ ներուժը աշխարհին պատշաճ ներկայացնելուն:

Սիրելի գյումրեցիներ, շնորհավորում եմ ձեր բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող գալիք 2021 թվականը համայն հայության համար լինի խաղաղության, տնտեսական կայունացման ու հզորացման տարի: Հայ ժողովուրդն այսօր պետք է լինի առավել տոկուն, առավել ուժեղ և առավել համախմբված` երկրի առաջ ծառացած խնդիրներն ու դժվարությունները հաղթահարելու համար:

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել սահմանին կանգնած մեր զինվորների, հայրենիքի նվիրյալ զավակների, մեր քաջորդիների Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ ցանկանալով նրանց խաղաղ երկինք և բարի վերադարձ հարազատ օջախներ:

Աստված պահապան մեր երկրին և մեր ժողովրդին:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան