Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7- Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի՛ գյումրեցիներ,

31 տարի դեկտեմբերի 7-ը գյումրեցիների հիշողություններում դրոշմված է որպես ցավի ու խորը կսկիծի լուռ վկայություն: Աղետալի մի օր, որ հազարավոր գյումրեցիների կյանքը բաժանեց երկու փուլի՝ դեկտեմբերի 7-ից առաջ և հետո: Րոպեների ու վայրկյանների ընթացքում խեղվեցին հազարավոր ճակատագրեր, ավերվեց քաղաքի բնակֆոնդի մոտ 70 տոկոսը, երբեմնի արտադրական հզորություն ունեցող քաղաքը վերածվեց ավերակների: Ծանր կացության մեջ հայտնված քաղաքի ու բնակիչների կյանքի ռիթմի բնական ընթացքի վերականգնումը գրեթե անհնար էր թվում:

Այսօր մենք մեր խոնարհումն ենք բերում աղետալի երկրաշարժի անմեղ զոհերի շիրիմներին: Ուզում եմ նաև իմ երախտիքի խոսքը հղել բոլոր նրանց, ովքեր, չնայած ծանր պայմաններին, անդառնալի կորուստներին ու չամոքվող վշտին, իրենց մեջ ուժ գտան, մնացին Գյումրիում և իրենց լուման ու ջանքերը ներդրեցին քաղաքի վերակառուցման գործում:

Դեկտեմբերի 7-ը միավորել էր ոչ միայն աշխարհասփյուռ հայությանը, այլև համայն մարդկությանը: Գյումրուն և գյումրեցուն ձեռք մեկնողներն աղետից ժամեր անց արդեն մեր կողքին էին և համատեղ ջանքերով ձեռնամուխ եղան քաղաքը ոտքի կանգնեցնելու դժվարին գործին: Ես իմ երախտիքի խոսքն եմ հղում նաև այդ անձանց, ովքեր առանց վարանելու եկան ու կանգնեցին մեր կողքին: Այս տարիների ընթացքում բնակարանաշինական ու սոցիալական բազմաթիվ ծրագրեր իրականացվեցին քաղաքում, բայց աղետի թողած հետքերն այնքան մեծ էին ու խորը, որ դրանք ամբողջությամբ վերացնել մինչ օրս չի հաջողվում: Չլուծված բազմաթիվ խնդիրներ, որ մեր ամենօրյա ուշադրության կենտրնում են, իսկ դրանց լուծման համար անհրաժեշտ միջոցների ու քայլերի ուղղությամբ կատարվող աշխատանքները մեր առօրյայի հիմնական բաղադրիչը:

Չսպիացած վերքերով, բայց հաստատուն քայլերով Գյումրին շարունակում է վեր հառնել՝ նախանշելով հպարտ գյումրեցու աննկուն կամքն ու արարելու ձգտումը: Անցնող տարիներին հաղթահարել ենք բոլոր դժվարությունները, չընկճվել ու չընկրկել, նույն ոգով շարունակելու ենք ապրել ու արարել: Սիրելի՛ գյումրեցիներ, բարդ ու պատասխանատու այդ ճանապարհին մաղթում եմ բոլորիս անսպառ ուժ ու եռանդ, անկոտրում կամք և լավատեսություն:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան