Home Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Ցեղասպանություն, որին անմեղ զոհ դարձավ 1.5 մլն հայ: Մեկ դարից ավելի է անցել այն օրից, երբ Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրվեց և իրագործվեց սարսափելի մի ոճրագործություն, որն ուղղված էր հայ ժողովրդի բնաջնջմանը: Հայի ինքնության վերացման դեմ ուղղված սարսափելի ոճիրն առ այսօր յուրաքանչյուր հայի հոգում դրոշմված է որպես խորը և անդառնալի իրողություն:

Մեկ դար առաջ Օսմանյան կայսրությանը չհաջողվեց ոչնչացնել հայի ինքնությունը, այսօր առավել ևս չի հաջողվի լռեցնել ճշմարտության ձայնը: Առավել քան երբևէ այսօր ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար: Նման վայրագությունների բացառման համար հայի կողքին պայքարել ու այսօր էլ շարունակում են իրենց պայքարը բազում պետություններ: Վստահ եմ՝ վաղ թե ուշ Թուրքիան առերեսվելու է իր պատմության արյունալից էջերին և ստանալու է համապատասխան գնահատական իր հրեշավոր հանցանքի համար:

Ոգեկոչելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը` իմ խորին հարգանքն եմ բերում հայ ժողովրդի անմեղ զոհերին և հայ ազգին մաղթում խաղաղություն, միասնականություն և տոկունություն:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան