Home Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ-«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 12 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՏՈՆԵՑԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏԸ

Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում կառուցված 12 սոցիալական բնակարանների բնակիչները դեկտեմբերի 19-ին տոնեցին բնակարանամուտ, որին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանի:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ողջունելով ներկաներին և իր խոսքում կարևորելով ծրագրի իրագործումը Գյումրիում, նշեց. «Առիթն իրոք շատ լավն է և այն կարևոր խնդիրներից է, որը մենք փորձում ենք լուծել համայնքի միջոցներով, բարերարների օգնությամբ»: Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց բարերարին ծրագրի իրագործման համար՝ հույս հայտնելով, որ այն կունենա իր շարունակությունը և տվյալ շենքի ևս երկու մուտք կկարողանան հանձնել շահագործման:

Ծրագրի կարևորության մասին խոսեց նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը. «12 ընտանիք Ամանորը դիմավորելու է նոր տներում. դա շատ կարևոր արձանագրում է, ուրախալի փաստ: Ես շնորհավորոում եմ բոլոր ընտանիքների և վստահեցնում, որ կառավարությունն ամեն ինչ անելու է, որ օր առաջ գյումրեցին ձերբազատվի աղետի քաղաք, աղետի գոտի հասկացությունից: Նոր Գյումրին ապագա Հայաստանի հիմքը պետք է լինի»,-ավելացրեց նախարարը:

Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Մովսես Խորենացի 46/1 հասցեով գտնվող շենքում 2018 թվականին շահագործման հանձնվեց 12 բնակարան, որից երկուսը երկու սենյականոց, 10-ը՝ մեկ սենյականոց: Նույն այս ծրագրով 2017 թվականին շահագործման էր հանձնվել 11 բնակարան, որից մեկը երեք սենյականոց, 10-ը՝ մեկ սենյականոց: