Այսօր` սեպտեմբերի 14-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ Յուրգեն Կլիմկին: Ողջունելով հյուրին` Սամվել Բալասանյանը համառոտ ներկայացրեց Գյումրու պատմությունն ու սոցիալ-տնտեսական ներկա վիճակը, վերջին ամիսների ընթացքում քաղաքում կատարված աշխատանքները, խոսեց նաև ապագայում նախանշված ծրագրերի մասին:
Պատասխան խոսքում Յուրգեն Կլիմկը շնորհակալություն հայտնեց Գյումրու քաղաքապետից ընդունելության համար և պատրաստակամություն հայտնեց իր հնարավորությունների շրջանակներում քայլեր ձեռնարկել, որպեսզի գերմանական որևէ քաղաքի հետ պաշտոնական հարաբերություններ չունեցող Գյումրին քույր քաղաք ունենա Գերմանիայում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես Սամվել Բալասանյանի առաջարկով շոշափվեց գերմանական կապիտալի հավանական հոսքի հնարավորությունը դեպի Գյումրի: