Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը հյուրընկալել են․․․

14.03.2024թ. Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը հյուրընկալել են ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի՝ Գյումրի գետակի վերականգնման խնդիրների ռազմավարական մոտեցումների մշակման աշխատանքային խմբի ներկայացուցիչներին: Հանդիպում-քննարկմանը մասնակցել են նաև համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ, ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը, «Զարթոնք» խմբակցության ղեկավար Գոռ Մանուկյանը։

Հանդիպման մեկնարկին, ողջունելով ներկաներին, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը կարևորել է նախաձեռնությունը, խոսել, մասնավորապես, Գյումրի գետակին առնչվող խնդիրների, դրանց լուծման հնարավոր տարբերակների մասին. «Գետակի մարքրումը քաղաքի համար առաջնային կարևորություն և լուծում պահանջող հարցերից մեկն է: Տարվա մեջ մի քանի անգամ, մեր ունեցած հնարավորությունների շրջանակներում, մաքրում ենք գետակը, բայց խնդիրը խորքային և առավել մեծ ռեսուրսներ պահանջող է: Հատվածներ կան, որոնք փակ են, դրանց մաքրման համար հատուկ տեխնիկա է անհրաժեշտ, ինչն իր հերթին լրացուցիչ միջոցներ է պահանջում, իսկ մեր հնարավորությունները նման ծավալի աշխատանքների համար չեն բավականացնում»,-ավելացրել է Վ.Սամսոնյանը:

Այնուհետ հյուրերը ներկայացրել են ծրագրի շրջանակներում իրենց կողմից իրականացված ուսումնասիրությունները, կատարված վերլուծություններն ու խնդիրների լուծման ուղղությամբ առաջարկները, հնարավոր միջոցներն ու առաջիկա անելիքները:

Ներկայացրել ու քննարկել են նաև այս ուղղությամբ մեծ ու հզոր քաղաքներում գետակների մաքրման փորձն ու հնարավոր տարբերակները:

Գյումրի գետակի վերականգնում, աղտոտվածություն, բնականոն հունի վերականգնում, գետի կենսունակությունը ապահովելու համար անհրաժեշտ էկոմիջավայրի ստեղծում, ֆինանսական միջոցների ներգրավում. այս և հարակից բազմաթիվ այլ հարցեր են ընդգրկված «Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրում: