Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Փետրվարի 15-ին Գյումրու համայնքային ցուցասրահում տեղի է ունեցել «Հավերժի վավերագրողները...

15.02.2024թ. Փետրվարի 15-ին Գյումրու համայնքային ցուցասրահում տեղի է ունեցել «Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսը նվիրված է դերասան, լուսանկարիչ Արամ Վրույրի ծննդյան 160-ամյակին։

Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, նույն թանգարանի գիդքարտուղար Մարինե Հարոյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր և այլք։

Արամ Վրույրի (Արամ Մաքասճյան 1863-1924 թթ․) անունը հիմնականում կապում են թատերական արվեստի հետ։ Սակայն բեմական և գրական գործունեությանը զուգընթաց՝ Արամ Վրույրը շուրջ երեք տասնամյակ զբաղվել է հնագիտական լուսանկարչությամբ։ 1904-1917 թթ․ նա մասնակցել է Նիկողայոս Մառի գլխավորած գիտարշավներին և հենց նրա անմիջական մասնակցությամբ էլ հայտնաբերվել են Անիի Գագկաշեն եկեղեցու ավերակները:

Ցուցադրությունում տեղ են գտել նաև Արամ Վրույրի որդիների՝ Արա և Արտաշես Վրույրների կողմից արված մի շարք արխիվային լուսանկարներ։ Արամ և Արա Վրույրների շնորհիվ պահպանվել և մեզ են հասել Ադրբեջանի կողմից ոչնչացված Ջուղայի՝ խաչքարերով հարուստ գերեզմանատան լուսանկարները։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի և Կումայրի պատմամշակութային արգելոց- թանգարանի հետ համատեղ։