Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ այցելություն է կազմակերպվել Հայկական Կարմիր Խաչի ընկերության «Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն» , «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» և «Փյունիկ» հաշմանդամների միության Գյումրու մասնաճյուղ

27.12.2023թ. Ձևավորված ավանդույթի համաձայն՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ այցելություն է կազմակերպվել Հայկական Կարմիր Խաչի ընկերության «Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն» , «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» և «Փյունիկ» հաշմանդամների միության Գյումրու մասնաճյուղ։

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը Կարմիր Խաչի ընկերության «Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն»-ում, ողջունելով ներկաներին, նախ շնորհավորել է գալիք տոների առիթով, ապա իր երախտիքի խոսքը հղել Հայկական Կարմիր Խաչի ընկերության, «Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն»-ի անձնակազմին՝ շահառուների հանդեպ ցուցաբերվող սրտացավ ու հոգատար վերաբերմունքի համար: Իր խոսքում Վ.Սամսոնյանն անդրադարձել է նաև կենտրոնի շենքային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքներին ու ակնհայտ փոփոխություններին:

Միջոցառման ավարտին համայնքի ղեկավարը «Հայկական Կարմիր Խաչի» ընկերության Շիրակի մարզի մասնաճյուղի տնօրեն Սամվել Մադոյանի, Կարմիր Խաչի ընկերության «Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի» համակարգող Գինուշ Զատիկյանի ուղեկցությամբ շրջել է տարածքում, ծանոթացել կատարված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին։

Օրվա ընթացքում միջոցառումներ են անցկացվել նաև «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ում և «Փյունիկ» հաշմանդամների միության Գյումրու մասնաճյուղում: Կենտրոններում երեխաները հյուրերին դիմավորել են ամանորյա երգ ու պարով՝ տոնական բարձր տրամադրություն փոխանցելով ներկաներին:

Այս կառույցներում ներկաներին ողջունել ու համայնքի ղեկավարի շնորհավորանքի խոսքն է փոխանցել համայնքի ղեկավարի օգնական Մենուա Մկրտչյանը: Կառույցների տնօրեններն իրենց հերթին հանդես են եկել ողջույնի ու շնորհակալության խոսքով, ընդգծել, որ տարեմուտի այս միջոցառումներին ու այցերին սպասում և մեծ ոգևորությամբ պատրաստվում են իրենց սաները: Պատասխանատուներն իրենց խոսքում նաև անդրադարձել են համայնքի ղեկավարի, համայնքապետարանի պատասխանատուների այցերին ու դրանց կարևորությանը: