Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Քաղաքապետի խոսքը երկրաշարժի 25 րդ տարվա կապակցությամբ

  Սիրելի գյումրեցիներ,
Դեկտեմբերի 7-ը նախ և առաջ ցավի խորհրդանիշ է, որն ունի քառորդ դարի պատմություն: 88-ի երկրաշարժը խլեց հազարավոր մարդկային կյանքեր` ավերելով բազմաթիվ բնակավայրեր, կաթվածահար անելով կյանքը Հայաստանի շուրջ 40 տոկոս տարածքում: 25 տարի անց մենք այս օրը հիշում ենք խորը կսկիծով, իսկ աղետի հետքերն անջնջելի են բոլորիս սրտերից:
Այսօր` աղետալի երկրաշարժի տարելիցի օրը, կրկին գլուխ խոնարհելով անմեղ զոհերի հուշակոթողին, ուզում եմ երախտիքի խոսք ուղղել նրանց, ովքեր տարիներ շարունակ եղել են գյումրեցու կողքին և օգնել վերացնելու աղետի հետևանքները:
Սիրելի գյումրեցիներ, միասին հաղթահարել ու պիտի հաղթահարենք բոլոր դժվարությունները` շենացնելով մեր հարազատ քաղաքը: Աղետալի երկրաշարժի 25-րդ տարելիցի առթիվ ցանկանում եմ բոլորիս անսասան կամք, համբերություն և լավատեսություն:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան