Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում մեկնարկեց նմանատիպը չունեցող հանրային քննարկում
Ուրբաթ, 16 Օգոստոս 2013 17:35

 Սույն թվականի օգոստոսի 15-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում մեկնարկեց նմանատիպը չունեցող հանրային քննարկում: Հանրային քննարկման էր դրված Վարդանանց հրապարակի եղևնիների հետագա ճակատագիրը, Գյումրու օրհներգի ընտրությունը և Գյումրու կարգախոսի ընտրության չափորոշիչների քննարկումը: Քննարկմանը ներկա էին Գյումրու փոխքաղաքապետ Ռ.Սանոյանը, քաղաքապետարանի աշխատակազմի Ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հ.Սուլթանյանը և Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Ա. Կարապետյանը:

Գյումրու պաշտոնական կայքում զետեղված հարցման արդյունքները ներկայացրեց Հ.Սուլթանյանը: «Համաձա՞յն եք Վարդանանց հրապարակի եղևնիները փոխարինել այլ դեկորատիվ միջոցներով» հարցմանը մասնակցել էր 1026 հոգի, 51,3 տոկոսը դեմ էին եղևնիների տեղափոխմանը, իսկ 48, 7-ը` կողմ: Քննարկման ընթացքում հնչեցին տարբեր կարծիքներ` կապված եղևնիների հետ: Արդյունքները ամփոփելուց հետո փոխքաղաքապետը հայտարարեց, որ քաղաքապետի կողմից լիազորված է հրապարակելու այն տեսակետը, որը գերիշխող է, ուստի եղևնիների հարցը կարելի է փակված համարել, և ծառերը կմնան իրենց տեղում:

Քննարկվեց նաև օրհներգի ընտրության հարցը: Հնչեց Վլադիլեն Բալյանի խոսքի ձայնագրությունը և Գյումրի-Լենինական երգի օրհներգի տարբերակը` Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ, ինչպես նաև փողային նվագախմբի կատարմամբ: Ներկայացվեց Ռուզաննա Կարապետյանի հեղինակած օրհներգի տարբերակի ձայնագրությունը` փողային նվագախմբի կատարմամբ: Քննարկմանը ներկա գտնվողների մեծ մասը հակված էր «Գյումրի-Լենինական» երգի օրհներգի տարբերակին: Օրհներգի ընտրության հարցը կրկին քննարկվելու է ավագանու առաջիկա նիստերից մեկում:

Ինչ վերաբերում է Գյումրու կարգախոսին, առաջադրվեցին ևս մի շարք տարբերակներ: Միջազգային հանրությանhamar տարբեր լրատվամիջոցներով Գյումրին ասոցացվում է որպես 2013թ.-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Հիմնվելով այս հանգամանքի վրա`Հ. Սուլթանյանի կողմից առաջարկվեց կարգախոսի երկու տարբերակ` «Գյումրին մշակութային մայրաքաղաք» կամ «Գյումրին մշակույթի և սպորտի մայրաքաղաք»: Ինչպես նաև եղավ առաջարկ նախորդ տարբերակում ավելացնել «արհեստ» բառը: Այդ տարբերակներին առաջարկվեց տալ ավելի գեղարվեստական հնչողություն: ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանն էլ առաջադրեց իր տարբերակը` «Հայաստանի աղն ես, Գյումրի՛»: Փոխքաղաքապետ Ռ. Սանոյանը հայտարարեց, որ կարգախոսի այլ տարբերակներ կարող են ներկայացնել Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի «Արտաքին կապերի, տուրիզմի և արարողակարգի» բաժին: Շատ հաճելի էր տեսնել արդեն լրջորեն փոխված և ժողովրդավար Գյումրի, որտեղ հասարակությունն է որոշում իր քաղաքի ապագան: Քննարկման մասնակիցները իրենց շնորհակալությունը հայտնեցին Գյումրու քաղաքապետարանին և քաղաքապետ Ս. Բալասանյանին` նման բարձր մակարդակի հանրային քննարկում կազմակերպելու համար: