Այսօր՝ օգոստոսի 1-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը նվիրված է եղել քաղաքի աղբահանության խնդիրներին: Հանդիպմանը ներկա են եղել համայնքի ավագանու անդամներ, քաղաքապետարանի աշխատակազմի բաժինների ղեկավարներ, «Աշխատանք և արժանապատվություն» հասարակական նախաձեռնության ներկայացուցիչներ:
Բացման խոսքում քաղաքապետը հակիրճ ներկայացրել է քաղաքի աղբահանության ներկա վիճակը, մասնավորապես այն, որ բարեկարգվել է քաղաքի գլխավոր աղբավայր տանող ճանապարհը, քաղաքը նվեր է ստացել 10 հատ աղբատար մեքենաներ, կատարվել են տեխնիկական միջոցների այլ համալրումներ ևս, ինչպես նաև քաղաքում տեղադրվել են բացմաթիվ աղբամաններ և դրանց առանձնացման համար կառուցվում են նաև բետոնե պատնեշներ: Քաղաքապետը խոսել է նաև խնդիրերից, մասնավորապես նշելով, որ քաղաքի առանձին հատվածներում դեռևս կան հետերկրաշարժյան շրջանի շինարարական աղբի հսկայական կուտակումներ:
Իրենց հերթին ավագանու անդամներն ու հասարակական նախաձեռնության ներկայացուցիչները քաղաքապետին փոխանցել են քաղաքի տարբեր հատվածներում արված աղբի կուտակումների լուսանկար, ինչից հետո քաղաքապետը հանձնարարել է համապատասխան բաժնի ղեկավարին հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերցնել մատնանշված թերությունները: Քննարկվել են ոլորտին վերաբերող այլ հարցեր ևս: