Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 5-ին աշխատանքային այցով Գյումրիում էր:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 5-ին աշխատանքային այցով Գյումրիում էր:

  Վարչապետը Գյումրի էր եկել Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող հերթական՝ թվով արդեն երկրորդ նոր ЭП2Д էլեկտրագնացքով: Նրան ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ԱԺ պատգամավորներ: Վարչապետին Գյումրու կայարանում դիմավորեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ վարչապետը նախ շրջեց Գյումրու վագոնային և լոկոմոտիվային դեպոներում, ապա քայլեց Գյումրու Տիգրան Մեծի փողոցով, տեղում ծանոթացավ աշխատանքների ընթացքին, հետաքրքրվեց խնդիրներով, տվեց հանձնարարականներ: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն այդ ընթացքում ներկայացրեց Տիգրան Մեծ փողոցում կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Գյումրու Տիգրան Մեծ փողոցում (Հայուհու հրապարակից մինչև երկաթուղային կայարանի հրապարակի մոտ) հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում: Հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Սիսիսանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ ու «Վահագն և Սամվել» ՍՊԸ համատեղ ձեռնարկությունը: 1կմ 14 մետր երկարություն ունեցող փողոցում շինաշխատանքները մեկնարկել են 2018 թվականի հուլիսի 24-ին: Նախատեսված է փողոցի երթևեկելի մասի, մայթի հիմնանորոգման աշխատանքներ, եզրաքարերի փոխարինում, կոմունիկացիոն համակարգի փողոցային լուսավորության համակարգի թարմացում: Իրականացվել են հողային աշխատանքներ, փողոցի որոշակի հատվածում կան տեղադրված եզրաքարեր, այս պահին իրականացվում են սիզամարգերի՝ մայթերի և գազոնների հատվածում բազալտից եզրաքարերի տեղադրման աշխատանքները: Տեղադրվել են փողոցային լուսավորության նոր հենասյուների հիմքերը, անցկացվել են ստորգետնյա մալուխները: Մայթերը պատրաստվում են ասֆալտի շերտի տեղադրման համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի այցի ընթացքում այցելեց նաև «Չերքեզի ձոր» ընկերություն՝ ձկնաբուծարան-ռեստորան, շրջեց ընկերության տարածքով, ծանոթացավ ընկերության գործունեությանը: Վարչապետն այնուհետ այցելեց «Հայավտոակայարան» ՓԲԸ Գյումրու մասնաճյուղը, այնուհետ նաև՝ ավտոկայանին հարակից տնակային ավան, այցելեց տնակներ, ծանոթացավ պայմաններին, լսեց բնակիչներին հուզող հարցերն ու խնդիրները: Վարչապետի աշխատանքային այցը եզրափակվեց Գյումրու «Շիրակ» օդանավակայան կատարած այցելությամբ: