Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի բաց նամակը «Շիրակ» հայրենակցական միության նախագահ Վարազդատ Ավոյանին

 Հարգելի՛ պարոն Ավոյան, որքան հասկացա Ձեր նամակի բովանդակությունից Ազգային Ժողովի պատգամավորների հետ իմ նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը «Շիրակ» հայրենակցական միության ներակայացուցիչներին չհրավիրելը ընկալվել է որպես միության հետ չհամագործակցելու, Գյումրիից դուրս բնակվող մեր հայրենակիցներին անտեսելու կամ որևէ մեկի մտքերը սեփականաշնորհելու ցանկություն:
ԱԺ պատգամավորների հետ հանդիպումից հետո նախատեսված է բավական լայն ձևաչափով հանդիպում-քննարկում մեր քաղաքի խնդիրների շուրջ, որին հրավիրված են լինելու Գյումրու զարգացմամբ շահագրգիռ տարբեր կառույցներ, այդ թվում` «Շիրակ» միությունը:
Մեծապես կարևորում եմ ծագումով շիրակցիների ունեցած լուրջ պոտենցիալը և վերջինիս՝ ի շահ մեր քաղաքի օգտագործումը համարում եմ Գյումրու առաջանցիկ զարգացման գլխավոր գրավականներից մեկը: Ձեր ղեկավարած կառույցի հետ համագործակցելու ցանկությանս, ինչպես նաև ամենալայն կոնսոլիդացիայի անհրաժեշտության մասին նշել եմ փետրվարի 6-ի իմ ուղերձում:
Նորից վերահաստատելով «Շիրակ» հայրենակցական միության հետ համագործակցելու պատրաստակամությունս՝ ուզում եմ անդրադառնալ միության առաջարկները՝ որպես իմը ներկայացնելու մեղադրանքին: Թեև չգիտեմ, թե կոնկրետ ինչին է դա վերաբերում, սակայն կարող եմ վստահաբար ասել, որ քաղաքի զարգացմանն ու շենացմանը միտված ցանկացած միտք ու գաղափար առաջ քաշելը (ում հեղինակածն էլ այն լինի) ոչ միայն իմ իրավունքն է, այլև՝ պարտականությունը: Դիտմամբ չեմ անդրադառնում անձնական դաշտի հետ սահմանակցող մեղադրանքներին, քանի որ վստահ եմ ՝ նույն գործի համար մտահոգ մարդիկ չպետք է մտնեն այդ տիրույթ: Միայն ասեմ, որ Ձեր կողմից հիշատակված իմ սեփականաշնորհած գործարանները այսօր բազմաթիվ աշխատատեղեր են ստեղծում, աշխատատեղեր, որոնց կարիքը մեր քաղաքը այդպես զգում է:


Հարգանքով՝ Սամվել Բալասանյան