Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

 Ի պատասխան ԳԱԼԱ հ/ը-ի տեսանյութի /« Ս. Բալասանյանն առանց քաղաքացու իմացության տարածքը տրամադրել է ՌԴ ռազմաբազայի զորամասին», 07.02.2015 | 22:28/, տեղեկացնում ենք, որ նյութում առկա են մի շարք անճշտություններ, այդ թվում՝
«Գյումրիում տեղակայված 8-րդ զինվորական թաղամասի եւ 102-րդ ռազմաբազայի զորամասի հետնամասում՝ Մուշ թաղամասի ու նորակառույց ֆուտբոլի ակադեմիային հարակից տարածքում գտնվող հողակտորը, որը 15 տարի շարունակ մշակում էր Գյումրու 76-ամյա բնակիչ Աշոտ Ջանիկյանը, այլեւս նրան չի պատկանում: Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանի որոշմամբ՝ այն հանձնվել է ՌԴ ռազմաբազային»: /ԳԱԼԱ/
Վերոնշյալ տարածքը Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող հողատարածք է, ուստի արտահայտությունը, որ հողատարածքը «այլևս նրան չի պատկանում» առնվազն, իրավաբանորեն անհեթեթ է: Վերոնշյալ քաղաքացին այսօր՝ փետրվարի 8-ին, հանդիպում է ունեցել փոխքաղաքապետ Ռ. Սանոյանի հետ և անձամբ խոստովանել, որ տարածքն ապօրինի զբաղեցրել է ոչ թե 15, այլ մոտ 5 տարի: Տարածքը համայնքապատկան է, և որևէ իրավաբանական կամ ֆիզիկական անձի չի հանձնվել:
Հողատարածքում շուրջ 5 տարի առաջ քաղաքացին ցանել է առվույտ, ինչը պատկանում է գյուղատնտեսական այն տիպի մշակաբույսերին, որը ցանվում է 4-5 տարին մեկ անգամ պարբերականությամբ, առավելապես մշակում չի պահանջում, բացի ոռոգումից: Ըստ քաղաքացու, ոռոգումն էլ իրականացրել է բացառապես բնական պայմաններում՝ սպասելով անձրևներին: Քաղաքացին նաև նշել է, որ Ս.Բալասանյանի օրոք երբեք չի դիմել քաղաքապետարան՝ հողատարածքի սեփականաշնորհման հետ կապված: Տարածքի մաքրման ընթացքում հայտնաբերված փշալարերը և կոռոզիայի ենթարկված խողովակները հավաքվել և կուտակվել են տարածքում՝ հետագա հեռացման համար, որը մինչ այժմ տեղում է/այդ մասին վկայում է ԳԱԼԱ Հ/Ը տեսանյութը/:
Քաղաքացին նշեց, որ վերջին 3 տարիների ընթացքում երբևէ չի դիմել քաղաքապետարան, ավելին՝ երբևէ չի հանդիպել քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ՝ նշված կամ այլ հարցով, ուստի մերժում ստանալ չէր կարող: «Այս ամենն, ըստ Աշոտ Ջանիկյանի, եւս մեկ անգամ վերահաստատում է այն, որ ՀՀ քաղաքացին սեփական երկրում պաշտպանված չէ, պետական, տեղական կառույցներն ինքնագործունեությամբ են զբաղված, հաշվի չեն առնում քաղաքացու կարծիքը: Այս դեպքում քաղաքացին նկատի ունի Գյումրու քաղաքապետարանի գործողությունները»:/ԳԱԼԱ/
Տեղական ինքնակառավարման մարմինները չեն զբաղվել ինքնագործունեությամբ, այլ իրականացրել են օրենքով վերապահված իրենց աշխատանքը, քաղաքացու սահմանադրորեն ամրագրված սեփականության իրավունքը չի ոտնահարվել, քանի որ տարածքը համայնքապատկան է:
Հարգելի լրատվամիջոցներ, խնդրում ենք չտարածել չճշտված, թերի, սխալ տեղեկատվություն՝ ստեղծելով թյուր տպավորություն լսարանի մոտ: Մեծապես խնդրում ենք ԳԱԼԱ հ/ը-ին այսուհետ ուշադիր և հետևողական լինել տարածվող տեղեկատվության հավաստիության հարցում: Հուսով ենք, որ նմանատիպ տեղեկատվության տարածումը կանխակալ վերաբերմունք չի ենթադրում կառույցի նկատմամբ, այլ ընդամենը լրագրողական անփութության հետևանք է:
Ի գիտություն քաղաքացիներին և լրագրողներին, Գյումրու քաղաքապետարանի շենքում ցանկացած մուտ ու ելք տեսանկարահանվում է:
ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ