Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍՅԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7Ի ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի գյումրեցիներ,

28 տարի է անցել 1988թ-ի աղետալի երկրաշարժից: Չամոքվող վիշտ, հիշողություններ՝ լի ցավով ու կսկիծով, ուղեկցում են յուրաքանչյուր գյումրեցու արդեն 28 տարի:

Աղետի գոտու յուրաքանչյուր բնակչի կենսագրության մեջ 88-ի աղետալի երկրաշարժը թողեց անջնջելի հետք՝ խլելով հազարավոր մարդկային կյանքեր, ավերելով բազմաթիվ բնակավայրեր: 1988-ի ավերիչ երկրաշարժը միավորեց ոչ միայն համայն հայությանը այլ նաև՝ համաշխարհային մարդկությանը: Աղետից ժամեր անց հարյուրավոր մարդիկ, աշխարհի տարբեր ծայրերից, կանգնեցին մեր կողքին: Այսօր մեզանից յուրաքանչյուրի պարտքն է նաև երախտիքի խոսք ուղղել բոլոր այն մարդկանց ովքեր ծանր պահերին օգնության ձեռք մեկնեցին գյումրեցուն և օգնեցին քաղաքի վերականգնմանն ու կառուցմանը: Խոնարհելով անմեղ զոհերի շիրիմներին, ուզում եմ իմ երախտիքի խոսք հղել նաև նրանց, ովքեր չնայած ծանր պայմաններին և վշտալի կորուստներին, մնացին Գյումրիում և իրենց լուման ներդրեցին քաղաքի շենացման գործում: Չսպիացած վերքերով, բայց հաստատուն քայլերով Գյումրին շարունակում է վեր հառնել՝ նախանշելով հպարտ գյումրեցու աննկուն կամքն ու արարելու ձգտումը: Սիրելի գյումրեցիներ, միասին հաղթահարել ու դեռ հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները, առավելապես գիտակցելով քաղաքը կառուցելու, շենացնելու բարձր պատասխանատվությունը՝ շարունակելու ենք ապրել ու արարել, ինչպես վայել է գյումրեցուն: Անսասան կամք և լավատեսություն բոլորիս:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան