Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՏՈՐԴ-ԱՆԴԱՄ
Wednesday, 23 September 2015 21:13

Gyumri_WorldHeritageCities

  Սեպտեմբերի 18-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ տարածաշրջանային համաժողով, որտեղ պաշտոնապես տրվեց Եվրոպական Միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթի և ստեղծարարություն» և Եվրոպա­յի Խորհրդի հետ համատեղ իրականացվող «Համայնքի կողմից իրականացվող քաղաքաշինա­կան ռազմավարությունը պատմական քաղաքներում» (COMUS) ծրագրե­րի մեկնար­կը:
Համաժողովին ներկա էին Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի մշակութային ծրագրերի համակարգողները, «Համաշխարհային ժառանգության քաղաքներ կազմակերպության» ներկայացուցիչներ, Բրիտանական խորհրդի և այլ միջազգային կազ­մա­կեր­պու­թյուննե­րի, վերոհիշյալ ծրագրերին միացած 6 երկրների` Հայաստան, Վրաս­տան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Ադրբեջան, պետական այրեր, ծրագրերում ընդգրկված պատմական քաղաքների քաղաքապետեր, ԶԼՄ-ների ներկայա­ցուցիչ­ներ: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ մշակույթի նախա­րա­րի տեղակալ Արև Սամուելյանը: Համաժողովին մասնակցում էին նաև Գորիսի քաղա­­քապետ Վաչագան Ադունցը և Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը: Համաժողովում ներկայացվեցին Արևելյան գործընկերության երեք հիմնական մշակութային ծրագրերը` «Մշակույթ և ստեղծարարություն», COMUS և «Ստեղծագործ Եվրոպա»:
COMUS ծրագիրը միտված է պատմական քաղաքների համայնքների և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ քաղաքաշինական ռազմավարությունների զարգացմանը: Այն համագործակցության հարթակ է Արևելյան գործընկերության երկրների համար: Ծրագրի տևողությունը 30 ամիս է՝ 6 երկրների պիլոտային քաղաքների մասնակցու­թյամբ: Նախագիծը խրախուսում է ունենալ նաև «Ասոցացված քաղաքներ»` առանց պարտավորությունների գործընթացներին մասնակցելու նպատակով: Արդյունքում ստեղծվելու է պատմական քաղաքների ցանց ինչպես յուրաքանչյուր մասնակից երկրում, այնպես էլ ողջ տարածաշրջանում: Հաստատվել է ծրագրի 10 պիլոտային քաղաք, Հայաստանը ներկայացրել է Գյումրի և Գորիս քաղաքները: Ծրագրի ձևաչափի համաձայն` առաջիկայում պիլոտային քաղաքների համար կմշակվեն քաղաքաշինական ելակետային փաստաթղթեր, յուրաքանչյուր քաղաքի համար կմշակվեն մշակութային ժառանգության պահպանության գործում հասարակության ակտիվ մասնակցությունն ապահովելու և ժառանգությունը` որպես համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման հենք դիտարկելու նոր մոտեցումներ: Համաժողովի ընթացքում COMUS ծրագրի իրականացման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության և Եվրոպայի Խորհրդի միջև ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր:
Համաժողովին Գյումրի և Գորիս քաղաքները ստացան Համաշխարհային ժառանգության կազմակերպության դիտորդ-անդամի վկայական:
ՀՀ վարչա­պե­տի 2010 թ. հունիսի 2-ի N 398-Ա որոշմամբ ձևավորվել էր պիլոտային ծրագիրը համակարգող միջգերատես­չա­կան հանձ­­նա­ժողով` ՀՀ մշակույթի նախարարության նախագահությամբ, ՀՀ տարածքային կառավար­ման, քաղաքաշինության, էկոնոմիկայի, բնապահպանության, արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ծրագրում ընդգրկված էին Հայաստանի 10 պատմական համայնքներ (Ալավերդի, Աշտարակ, Գնիշիկ/Եղեգիս, Գորիս, Գյումրի, Դիլիջան, Մեղրի, Նորատուս, Օշական, Էջմիածին): Ծրագրի շրջանակում կազմվեցին «Ժառանգու­թյան գնահատման զեկույցը», «Ազգային բրոշյուրը», 5 պատմական քաղաքների համար մշակվեցին քաղաքաշինական տեխնիկական փաստաթղթեր: