Գլխավոր էջ Information Center News Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի այցը Իտալիայի Նարդո քաղաք

  Նոյեմբերի 16-19-ը “Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում” ծրագրի շրջանակներում Հայաստանի պատվիրակության կազմում Իտալիայի Նարդո քաղաքում էր Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը: Ծրագիրն իրականացնում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ: Այցի շրջանակներում Գյումրիի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Նարդո քաղաքի իշխանությունների, տեղի հայ համայնքի, ինչպես նաև Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանի հետ: Նշված բոլոր կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցել հայ համայնքի ներկայացուցիչների և հայ-իտալական, մասնավորապես` Գյումրի-Նարդո քաղաքների միջև սերտ համագործակցական կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը: Ըստ էության, “Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում” ծրագրի շրջանակներում ընդգծվում է համայնքների հետ սերտ համագործակցություն հաստատելու մասին դրույթը` ելնելով միգրացիայի ոլորտում նոր մեխանիզմների մշակման արդյունավետությունից: Ծրագրի առաջնային բաղադրիչներից մեկը վերաբերում է եվրոպական երկրների հետ միգրացիոն ոլորտում միջհամայնքային համագործակցության մեխանիզմների մշակմանը, որոնք արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին կապահովեն տվյալ կարգավիճակից բխող իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ: Սա ոչ թե բացառում, այլ միայն լրացնում է միջպետական մակարդակով միգրացիոն խնդիրների լուծումը` ընդլայնելով միգրանտներին տրվող աջակցության սահմանները:
Հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ինչպես Նարդո, այնպես էլ Լեչչե քաղաքների և Ապուլյայի մարզի տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի խոսքերով` հանդիպումը կազմակերպված է եղել բարձր մակարդակով, ինչի արդյունքում հնարավոր է եղել խոսել համագործակցային այլ ծրագրերից ևս: Այս առումով, հայտնի ճարտարապետ Ջիանկարլո Դե Պասկալիսը ցանկություն է հայտնել գործնակական համագործակցության եզրեր գտնել Գյումրիի հետ, ինչին ի պատասխան Գյումրու փոխքաղաքապետն առաջարկել է ծրագիր մշակել Գյումրիի պատմական հատվածում գտնվող 18 դարի շինությունների վերկանգնման ուղղությամբ: Մինչև տարեվերջ սպասվում է Իտալիայի Նարդո քաղաքի պատվիրակության այցը Գյումրի` հուշագիր ստորագրելու նպատակով: Իտալացիները նախապես ցանկություն են հայտնել համագործակցել քաղաքաշինական, ճարտարապետական, եկեղեցաշինական, տուրիզմի զարգացման, մշակութային, ինչպես նաև փորձի փոխանակման տարբեր ծրագրերում:

 

inNardo2

Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի այցը Իտալիայի Նարդո քաղաք