Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:
95 տարի առաջ այս օրերին հայ ազգը, շարունակվող ցեղասպանության, զանգվածային տեղահանությունների, սովի ու համաճարակի պայմաններում ռազմական արվեստի և սառը տրամաբանության շրջանակներում չտեղավորվող սխրանքներ գործեց` Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում և Սարդարապատում ջախջախելով թուրքական կանոնավոր, բազմաքանակ բանակն ու հրոսակախմբերին: Դրանով իսկ թույլ չտրվեց թշնամուն վերջնականապես զրկել մեզ` մեր պատմական հայրենիքի այս փոքր հատվածում ապրելու իրավունքից և կերտվեց Հայաստանի առաջին հանրապետությունը:
Իմ խորին համոզմամբ` մայիսի 28 ի խորհուրդներից մեկն այն է նաև, որ միասնական լինելու դեպքում մենք իսկապես անպարտելի ենք:
Հավատացած եմ` նման միասնականություն կդրսևորենք նաև հիմա, բոլոր ժամանակների մեր հաղթանակները պահելու և դրանք ամրապնդելու համար:
Կրկին շնորհավորում եմ մեզ բոլորիս այս մեծ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն ու հաջողություն:
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե հաղթանակած հայ ժողովուրդը:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան