Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի գյումրեցինե՛ր,

30 տարի է, ինչ դեկտեմբերի 7-ը մեր հիշողության մեջ մնացել է որպես ցավի ու խորը կսկիծի վկայություն: Աղետի գոտու և ,մասնավորապես, յուրաքանչյուր գյումրեցու կենսագրության մեջ դեկտեմբերի 7-ը դրոշմված է յուրովի: Րոպեների ընթացքում հազարավոր ճակատագրեր խեղվեցին, հազարավոր մանուկներ որբացան, ավերվեց քաղաքի բնակֆոնդի մոտ 70 տոկոսը: Արտադրական հզոր տնտեսության համբավ ունեցող Գյումրին հայտնվեց ծանր կացության մեջ:

Խոնարհվելով անմեղ զոհերի շիրիմներին՝ ուզում եմ իմ երախտիքի խոսքը հղել նրանց, ովքեր, չնայած ծանր պայմաններին, անդառնալի կորուստներին ու չամոքվող վշտին, մնացին Գյումրիում և իրենց լուման ներդրեցին քաղաքի շենացման գործում: 1988-ի դեկտեմբերի 7-ը միավորեց ոչ միայն համայն հայությանը, այլև աշխարհասփյուռ մարդկությանը: Իմ երախտիքի խոսքն եմ հղում նաև բոլոր այն մարդկանց, ովքեր աղետից ժամեր անց արդեն մեր կողքին էին և մեզ հետ միասին ձեռնամուխ եղան քաղաքի վերականգնմանն ու կառուցմանը: 30 տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր ու մեծածավալ աշխատանքներ իրականացվեցին քաղաքում, բայց անելիքներ և չլուծված խնդիրներ դեռ կան քաղաքում:

Սիրելի՛ գյումրեցիներ, աղետի տարելիցի օրը, առավելապես գիտակցելով միասին Գյումրին կառուցելու և շենացնելու բարձր պատասխանատվությունը՝ մաղթում եմ բոլորիս համբերություն, տոկունություն, անսասան կամք, լավատեսություն: Միասին հաղթահարել ու դեռ հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները, շարունակելու ենք ապրել ու արարել, ինչպես վայել է գյումրեցուն: Անկոտրում կամք և լավատեսություն բոլորիս:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան