Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Հունիսի 27-ին Գյումրու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, ընդունեցին Deem Comunications ընկերության ստեղծագործական տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանին, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանին, Գյումրի քաղաքի բրենդի մշակման համար ձևավորված աշխատանքային խմբի անդամներին: Աշխատանքային խմբում ընդգրկված են փորձագետներ մշակույթի, տնտեսական և բիզնես ոլորտների, ինչպես նաև ներկայացուցիչներ միջազգային և հասարակական կազմակերպություններից, Գյումրու քաղաքապետարանից: Հանդիպման ընթացքում ներկայացվեց ծրագրի նպատակը, առաջիկա անելիքներն ու հետագա քայլերը: Խոսվեց Գյումրու բրենդի անհրաժեշտության, ծրագրի ընթացքի և մի շարք այլ հարցերի մասին: Ծրագիրը բաղկացած է երկու փուլից, առաջին փուլում կիրականացվի ուսումնասիրություն, իսկ երկրորդ փուլում արդեն կմշակվի բրենդը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր խոսքում ողջունեց նախաձեռնությունը, միաժամանակ հույս հայտնելով, որ մինչև այս տարվա վերջ Գյումրին կունենա իր բրենդը, որը կնպաստի զբոսաշրջության ավելացմանը Գյումրիում:

 
 

Հունիսի 25-ին Եվրոպական հրապարակում՝ Գյումրու «Սև Բերդ» ամրոցի տարածքում, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ բացվեց հուշակոթող, որին ներկա էին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, մարզային ու քաղաքային իշխանության, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր: Հուշակոթողն իրենից ներկայացնում է փակ խորան, որտեղ տեղադրված է այն նույն սեղանը, որի մոտ 2016 թվականի հունիսի 25-ին Ֆրանցիսկոս պապի ձեռամբ պատարագ մատուցվեց Գյումրու Վարդանանց հրապարակում: Խորանի կենտրոնում «Աստվածամայրը մանուկ Հիսուսի հետ» նկարն է, որի հեղինակը գյումրեցի գեղանկարիչ Ժակլինա Սարգսյանն է, իսկ ներսում՝ Պապի այցի մասին պատմող լուսանկարներ են փակցված: Խորանի մոտ տեղադրված է նույն այն խաչքարը, որ դրված էր բեմում 2016 թվականի հունիսի 25-ի: 
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն իր խոսքում ընդգծեց, որ Հռոմի պապի այցից մեկ տարի անց քաղաքապետը բոլորիս վերհուշի բերեց՝ նախաձեռնելով հուշակոթողի կառուցումն ու բացումը: Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանն իր խոսքում ողջունելով ներկաներին՝ շնորհակալություն հայտնեց Սամվել Բալասանյանին նախաձեռնության համար, որն այսուհետ բոլորին կպատմի Հռոմի պապի Գյումրի կատարած այցի, մատուցած պատարագի մասին: Քաղաքապետն անդրադառնալով հուշակոթողի բացմանը՝ նշեց, որ մենք պարտավորված էինք Հռոմի պապի այցի պատմությունը կերտելու և գալիք սերունդներին փոխանցելու, ինչն այսուհետ իրողություն է: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը և մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը:

 
 
 

Հունիսի 24-ին Գյումրու Սև Բերդ ամրոցում տեղի ունեցավ «Հրաժեշտ մանկապարտեզին» միջոցառումը, որին ներկա էր Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը: Արդեն ավանդույթ դարձած ամենամյա միջոցառմանը մեծ ոգևորությամբ նախապատրաստվել էին ինչպես նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցները, այնպես էլ փոքրիկներն ու նրանց ծնողները: Գյումրու 22 նախադպրոցական ուսումնական հաստատությունների մոտ 720 սան հայկական ժողովրդական, ժամանակակից ու դասական երգ երաժշտության ներքո ներկայացրեցին իրենց պարային համարները: Ռուբեն Սանոյանը շնորհավորեց երեխաներին, դաստիարակներին և ծնողներին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով նախադպրոցական կրթության դերը երեխաների համար` միաժամանակ բարի երթ մաղթելով փոքրիկներին կյանքի նոր փուլում:

 
 
 

Հունիսի 1-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, քաղաքային իշխանության այլ ներկայացուցիչներ այցելեցին Գյումրու «Լապտերիկ» մանկապարտեզ, մասնակցեցին մանկապարտեզի սաների մասնակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Քաղաքապետը ողջունելով ներկաներին, շնորհավորեց բոլոր փոքրիկներին Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, իր խոսքում փոքրիկներին մաղթելով անհոգ ու լուսավոր մանկություն: Քաղաքապետը միաժամանկ ընդգծեց՝ անելու են հնարավորը նրանց համար լավագույն պայմաններ ապահովելու համար: Կազմակերպված միջոցառումից հետո ներկաները շրջեցին մանկապարտեզի ներսում, որտեղ ամերիկահայ բարերար Հովհաննես Բալայանի և  «Ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների Սուրբ ծնունդի» հիմնադրամի   նախաձեռնությամբ իրականավցել են վերանորոգման աշխատանքներ:

 
 
 

   Հունիսի 1-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, քաղաքային իշխանության այլ ներկայացուցիչներ այցելեցին Գյումրու «Ժպիտ» մանկապարտեզ: Մանկապարտեզ էին այցելել նաև Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների կանայք՝ գլխավորությամբ «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախագահ Նատալիա Նալբանդյանի: Մանկապարտեզի սաների մասնակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունելով ներկաներին, շնորհավորեց բոլոր փոքրիկներին Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Քաղաքապետն իր խոսքում փոքրիկներին մաղթեց անհոգ ու լուսավոր մանկություն, միաժամանկ ընդգծելով, որ անելու են հնարավորը նրանց համար լավագույն պայմաններ ապահովելու համար: 
Արտաքին գործերի նախարարությանը կից գործող «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախաձեռնությամբ, Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանի ջանքերով և կանադահայ բարերար Ռիչարդ Սևազլյանի ֆինանսական աջակցությամբ «Ժպիտ» մանկապարտեզի մի մասնաշենքում արդեն իսկ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Ասոցիացիայի նախաձեռնությամբ մանկապարտեզում շարունակվում են վերանորոգման աշխատանքները: Ներկայումս իրականացվում է ևս երկու խմբասենյակի վերանորոգում, որի ֆինանսական աջակցությունը տրամադրել է Հայաստանում Չինաստանի դեսպանությունը:


 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 61 62 63 64 65 66 67 68 69 70 Հաջորդ > Վերջ >>

էջ 65 - 134