ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՀԶՀ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՀԶՀ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ

Փետրվարի 7-ին  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Լեհաստանում ՀԶՀ պաշտոնական ներկայացուցիչ, «Blue Idea» ընկերության նախագահ Լուկաշ Վալերյանի գլխավորած պատվիրակությանը: Մինչ քաղաքապետի հետ հանդիպումը՝ Լուկաշ Վալերյան լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Գյումրիում նոր գործի մեկնարկի մասին, համաձայն որի՝ ՀԶՀ ներկայացուցիչը լեհական ՏՏ ընկերությունների պատվերները կհավաքագրի և կփոխանցի Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնի մասնագետներին ու ստարտափերին։ Լուկաշ Վալերյան նշեց, որ պատվերները հիմնականում կառնչվեն Big Data, Software, Web Design և այլ տեխնոլոգիական խնդիրների։ «Blue Idea» ընկերությունը լեհական շուկայի համար արդեն մշակել է մարքեթինգի եւ PR ռազմավարություն՝ Հայաստանի տնտեսական ներուժը, ընկերությունը և այս նախաձեռնությունը ներկայացնելու համար: Ավելի ուշ սպասվում է «Blue Idea» ընկերության հայաստանյան մասնաճյուղի բացումը։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունելով ներկաներին՝ իր խոսքում կարևորեց նոր ներդրումներն ու համագործակցությունները, ապա խոսեց Գյումրիի ունեցած հնարավորություններից ՏՏ ոլորտում: «Լեհաստանում զարգանում է ՏՏ ոլորտը և երկրում ծրագրավորողների ու մասնագետների պակաս կա։ Ես, որպես ՀԶՀ պաշտոնական ներկայացուցիչ և իմ ղեկավարած «Blue Idea» ընկերությունը, որպես միջանկյալ օղակ, թիմ, հավաքագրելու ենք լեհական ՏՏ ընկերությունների նախագծերը և, որպես պատվերներ, փոխանցելու ենք Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում գործող բարձրակարգ մասնագետներին»,- նշել է Լեհաստանում ՀԶՀ պաշտոնական ներկայացուցիչ, «Blue Idea» ընկերության նախագահ Լուկաշ Վալերյանը։