Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի գյումրեցիներ,

29 տարի է, ինչ դեկտեմբերի 7-ը մեր հիշողության մեջ մնացել է որպես ցավի ու խորը կսկիծի վկայություն, քանզի մեր քաղաքի պատմության ամենավշտալի էջը՝ Դեկտեմբերի 7-ը, դրոշմված է յուրաքանչյուր գյումրեցու կենսագրության մեջ: 88-ի աղետալի երկրաշարժը թողեց անջնջելի հետք՝ խլելով հազարավոր մարդկային կյանքեր, ավերելով քաղաքի բնակֆոնդի մոտ 70 տոկոսը: 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի տարելիցի օրը, գլուխ խոնարհելով անմեղ զոհերի հիշատակին՝ ուզում եմ իմ երախտիքի խոսք հղել նրանց, ովքեր չնայած Գյումրու համար այդքան ծանր պայմաններին և վշտալի կորուստներին, մնացին հայրենի քաղաքում և լծվեցի քաղաքը շենացնելու բարդ ու պատասխանատու գործին: 1988-ի դեկտեմբերի 7-ը միավորեց ոչ միայն համայն հայությանը այլ՝ աշխարհասփյուռ մարդկությանը, ովքեր աղետից ժամեր անց արդեն մեր կողքին էին և մեզ հետ միասին ձեռնամուխ եղան քաղաքի վերականգնմանն ու կառուցմանը: Չսպիացած վերքերով, բայց հաստատուն քայլերով Գյումրին շարունակում է վեր հառնել՝ նախանշելով հպարտ գյումրեցու աննկուն կամքն ու արարելու ձգտումը: Սիրելի գյումրեցիներ, Աղետի տարելիցի օրը, առավելապես գիտակցելով միասին Գյումրին կառուցելու և շենացնելու բարձր պատասխանատվությունը, մաղթում եմ բոլորիս համբերություն, տոկունություն, անսասան կամք, լավատեսություն:

 

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան