Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՌՈՒԲԵՆ ՍԱՆՈՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Օգոստոսի 8-ին, գլխավորությամբ Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի, տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցվող սոցիալական բնակարանների բաշխման հանձնաժողովի հերթական նիստը: Հանդիպման ընթացքում նախ ներկայացվեց ստացված դիմումների քանակը, խոսվեց շահառուների դիմումի ձևի, բնակարանների տրամադրմանն առնչվող բազմաթիվ այլ հարցեր: Հանդիպման ընթացքում քննարկվեց և կայացվեց փոփոխություններ կատարելու որոշում. երկարացնել դիմումների ընդունման վերջնաժամկետը մինչև սույն թվականի օգոստոսի 17-ը՝ ժամը 18:00-ն, մեկ սենյականոց բնակարանների վիճակահանությանը թուլատրել նաև մասնակցել երկրաշարժի հետևանքով անօթևանության կարգավիճակ չունեցող անձանց: Հանդիպման ընթացքում քննարվկեց նաև կառուցված 3 սենյականոց բնակարանը տրամադրել Ղանդիլյան 21 շենքում բնակվող Հակոբյանների ընտանիքին, իսկ մեկ սենյականոցներից մեկը տրամադրել նույն շենքում բնակվող անժառանգ ծերերից մեկին: Վերը նշված անձիք բնակվում են Ղանդիլյան 21 հասցեի վթարային շենքում, որտեղ օգոստոսի 7-ին գրանցվել էր փլուզում: 
Հանձնաժողովի նիստին մասնակցեց նաև «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սթան Լազարյանը, ով մինչ այդ հանդիպեց ու խոսեց նաև քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ՝ քննարկելով մի շարք հարցեր բնակարանների բաշխման, հետագա համագործակցության մասին: 
Նշենք, որ Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում առաջին փուլով 11 բնակարան հանձնելու է շահագործման, որոնցից 10-ը մեկ սենյականոց բնակարան է, իսկ 1-ը՝ երեք սենյականոց: Բնակարանների կառուցման գործընթացում քաղաքապետարանը ևս ունի իր ներդրումը: Սոցիալական բնակարանների կառուցման նպատակով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և «ԱՐԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը 2016 թվականի հուլիսին կնքել էին համագործակցության հուշագիր, որը նպատակ ուներ «Գյումրին առանց տնակների» ծրագրի շրջանակներում համագործակցել և սոցիալապես անապահով ընտանիքներին ապահովել սոցիալական բնակարանով: