Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԵՑ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ

Հունիսի 25-ին Եվրոպական հրապարակում՝ Գյումրու «Սև Բերդ» ամրոցի տարածքում, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ բացվեց հուշակոթող, որին ներկա էին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, մարզային ու քաղաքային իշխանության, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր: Հուշակոթողն իրենից ներկայացնում է փակ խորան, որտեղ տեղադրված է այն նույն սեղանը, որի մոտ 2016 թվականի հունիսի 25-ին Ֆրանցիսկոս պապի ձեռամբ պատարագ մատուցվեց Գյումրու Վարդանանց հրապարակում: Խորանի կենտրոնում «Աստվածամայրը մանուկ Հիսուսի հետ» նկարն է, որի հեղինակը գյումրեցի գեղանկարիչ Ժակլինա Սարգսյանն է, իսկ ներսում՝ Պապի այցի մասին պատմող լուսանկարներ են փակցված: Խորանի մոտ տեղադրված է նույն այն խաչքարը, որ դրված էր բեմում 2016 թվականի հունիսի 25-ի: 
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն իր խոսքում ընդգծեց, որ Հռոմի պապի այցից մեկ տարի անց քաղաքապետը բոլորիս վերհուշի բերեց՝ նախաձեռնելով հուշակոթողի կառուցումն ու բացումը: Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանն իր խոսքում ողջունելով ներկաներին՝ շնորհակալություն հայտնեց Սամվել Բալասանյանին նախաձեռնության համար, որն այսուհետ բոլորին կպատմի Հռոմի պապի Գյումրի կատարած այցի, մատուցած պատարագի մասին: Քաղաքապետն անդրադառնալով հուշակոթողի բացմանը՝ նշեց, որ մենք պարտավորված էինք Հռոմի պապի այցի պատմությունը կերտելու և գալիք սերունդներին փոխանցելու, ինչն այսուհետ իրողություն է: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը և մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը: