Հուլիսի 6-ին զիվորական ծառայությունն ավարտելուց հետո Գյումրի եկավ ԼՂՀ ԶՈՒ-ի Մատաղիսում տեղակայված զորամասի մարտկոցի ավագ սերժանտ Շուլի Հակոբյանը: Ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում Արցախի հյուսիսիում՝ Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողությունները ճնշելիս ավագ սերժանտ Շուլի Հակոբյանը հակառակորդի 3 տանկ է ոչնչացրել: Ավագ սերժանտին քաղաքի մուտքի մոտ դիմավորեց նաև Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, ապա ուղեկցեց Գյումրու քաղաքապետարան: Ավագ սերժանտ Շուլի Հոկաբյանին այնուհետ ընդունեց քաղաքապետարանի աշխատակազմը՝ գլխավորությամբ քաղաքապետ Սամվել Բալասանյանի: Քաղաքապետը ողջունեց Շուլի Հակոբյանին ու բոլոր ներկաներին, միաժամանակ իր շնորհակալությունը հայտնելով հայրենիքի հանդեպ նրա ցուցաբերած վերաբերմունքի, կատարած սխրագործության համար: Քաղաքապետն իր խոսքում նաև նշեց՝ հպարտ ենք, որ մեր քաղաքում այսպիսի հերոս տղա ունենք: Շուլի Հակոբյանը համեստորեն նկատեց՝ իր արածը հերոսություն չէ, այլ պարտք հայրենիքի հանդեպ.«Հերոսություն կլիներ, եթե վերցնեինք մի հատ գումարտակ և սերժանտի կարգավիճակով կատարենք մայորի պարտականությունները»,-ավելացրեց Շուլի Հակոբյանը: Հաշվի առնելով հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախությունը, անձնական արիությունը, գյումրեցու հայրենասիրական ոգին մարտական գործողությունների ժամանակ լավագույնս դրսևորոլեւ քաջությունը՝ Շուլի Հակոբյանը պարգևատրվեց համայնքի ոսկե հուշամեդալով:
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում դրսևորած բացառիկ խիզախության և անձնական արիության համար ՀՀ նախագահի կողմից Շուլի Հակոբյանը պարգևատրվել է նաև Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով: