Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի շնորհավորական ուղերձը Գյումրու օրվա կապակցությամբ

Սիրելի գյումրեցիներ,
Ի սրտե շնորհավորում եմ Գյումրու օրվա առթիվ, տոն, որ միավորում է բոլոր նրանց, ում համար թանկ է Գյումրի քաղաքը: Լինելով Հայաստանի մշակութային և մարզական զարկերակ, Գյումրիի ինքնատիպ կերպարում մշակութային հարուստ ավանդույթներն ու պատմական դիմագիծը ներդաշնակորեն միահյուսվում են արդիականի հետ: Գյումրին այլևս վեր հառնող, պայքարող ու վերածնվող քաղաք է, ու վերածնունդը նախ և առաջ սկսվում է յուրաքանչյուր գյումրեցու ոգու տոկունությունից: Այսօր մենք դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ ենք գնում ` հնի կողքին ստեղծելով նորը, վերականգնելով կիսատը. վերանորոգվում են փողոցներ, լուսավորվում են թաղամասեր և վերականգնվում պատմամշակութային արժեքներ:
Վստահ եմ, որ գյումրեցու անսասան կամքը, հավատը և արարելու ձգտումը կօգնի մեզ բոլորիս միասին հաղթահարել բոլոր դժվարությունները և դարձնել մեր քաղաքը ավելի գեղեցիկ ու զարգացած: Թող որ այս օրը լինի վառ հիշողություն մեր քաղաքի պատմության մեջ և լավագույն խթան հանդիսանա հետագա ծրագրերի իրագործման համար: Սիրելի գյումրեցիներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս մեր քաղաքի տոնի առթիվ՝ ցանկանալով քաջառողջություն, հաջողություններ և լավատեսություն:

Գյումրու քաղաքապետ` Սամվել Բալասանյան