Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Քաղաքապետի շնորհավորական ուղերձը
Ուրբաթ, 27 Դեկտեմբեր 2013 09:27

19.12.2012

Սիրելի գյումրեցիներ,
Ավարտին է մոտենում 2013 թվականը և մեր սիրելի քաղաքի համար այն կարելի է բնութագրել որպես մշակույթային խոշոր միջոցառումների, բազմաթիվ ձեռքբերումների և արթնացող հույսի տարի:
2013 ին մեր սիրելի Գյումրին պատվով կրեց ԱՊՀ երկրների մշակույթային մայրաքաղաքի տիտղոսը և ողջ տարվա ընթացքում գտնվեց աշխարհի ուշադրության կենտրոնում: 2013թ ին մենք կարողացանք անցկացնել բազմաթիվ միջոցառումներ, որոնք Գյումրին դարձրեցին Հայաստանի մշակույթային կենտրոնը, անցնող տարում մեր քաղաք այցելեցին բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, ունեցանք հարյուրավոր զբոսաշրջիկներ, մեր քաղաքի մասին պատմող ժոպորտաժներ և ֆիլմեր ցուցադրվեցին աշխարհի մի շարք հեղինակավոր հեռուստաընկերություններ ու լրատվամիջոցներ, կարճ ասած` մշակույթային, ինչպես նաև սպորտային կյանքը մեր սիրելի քաղաքում շատ ակտիվ էր:
Անցնող տարին մեր քաղաքի համար նաև շինարարական ու բարեկարգման տարի էր, տեղական և պետական բյուջեի միջոցներով մենք կարողացանք կատարել ընդհանուր առմամբ 170 հզ քառ. մետր ասֆալտապատման աշխատանքներ, տեղադրվեցին նոր ու ժամանակակից լուսաֆորներ, քաղաքի տարբեր հատվածներում ավելացվեցին հարյուրավոր լուսակետեր, տնկվեցին հազարավոր ծառեր և թփեր, բարեփոխվեցին քաղաքում տարբեր ծառայություններ մատուցող տեղական կառույցների աշխատանքները, սակայն այս ամենը միայն սկիզբն է այն ճանապարհի, որ մենք միասին անցնելու ենք եկող տարիներին: Գյումրին դեռևս բազմաթիվ խնդիներ ունեցող քաղաք է և այդ խնդիրները մենք պետք է հաղթահարենք միահամուռ, համախմբված և դեպի լուսավոր ապագային հաստատակամ հավատով նայող գյումրեցիներիս կուռ միասնությամբ:
Սիրելի համաքաղաքացիներ.
Անշուշտ նկատելի առաջընթաց քաղաքային կյանքում մեզ հաջողվեց արձանագրել, բայց կան նաև չիրականացված բազում մտահղացումներ, կան կիսատ մնացած և դեռ չսկսված բազմաթիվ գործեր, որոնք ուղղված են լինելու մեր քաղաքի զարգացմանն ու երբեմնի հզոր Գյումրին ունենալու մեր երազանքը կյանքի կոչելուն: Վստահ եմ, որ արդյունավետ օգտագործելով առկա հեռանկարներն ու ներուժը, մենք ի զորու ենք կյանքի կոչելու ավելի լավ ապրելու մեր ձգտումը, ուստի և խնդրում եմ, որպեսզի 2014թ ը դիմավորենք լավատեսությամբ ու հավատով լեցուն, ամեն ինչ լավ է լինելու: Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` մաղթում առողջություն, հաջողություն, լավատեսություն, ընտանեկան բարեկեցություն, սեր ու խաղաղություն ձեր օջախներում:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան