Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Հուլիսի 15 ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հունաստանի Սալոնիկ քաղաքի քաղաքապետ Յանիս Բուտարիսին
Երեքշաբթի, 16 Հուլիս 2013 10:31

  Հուլիսի 15- ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հունաստանի Սալոնիկ քաղաքի քաղաքապետ Յանիս Բուտարիսին: Ողջունելով հյուրին` Սամվել Բալասանյանը հակիրճ ներկայացրեց Գյումրու պատմությունը, քաղաքում տիրող սոցիալ-տնտեսական վիճակը, վերջին շրջանում կատարված աշխատանքները: Պատասխան խոսքում Յանիս Բուտարիսը շնորհակալություն հայտնեց Գյումրու քաղաքապետին ջերմ ընդունելության համար և նշեց, որ չնայած երկար տարիներ է, ինչ Գյումրին և Սալոնիկը համարվում են քույր քաղաքներ, այնուամենայնիվ հարաբերությունները խորացնելու հարցում առարկայական քայլեր չեն կատարվել` ավելացնելով, որ երկու քաղաքների միջև կնքված համաձայնագիրը վերանայման կարիք ունի, ինչպես նաև հրավիրեց Գյումրու քաղաքապետին պատասխան այցով այցելել Սալոնիկ:
Կողմերն երկուստեք կարևորեցին երկու քաղաքների միջև տարբեր ոլորտներում համագործակցություն սկսելու անհրաժեշտությունը՝ առանձնակի խոսելով սպորտի և մշակույթի ոլորտներում փոխգործակության հեռանկարների մասին: Երկու քաղաքապետերը քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Հանդիպման ավարտին Սամվել Բալասանյանն ու Յանիս Բուտարիսը պատասխանեցին լրագրողների հարցերին, այնուհետև ներկա գտնվեցին «Գյումրի» գրքի շնորհանդեսին: