Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս մեր երկրի կարևորագույն տոնի՝ Անկախության օրվա առիթով: Անկախ պետականության 31 տարիների ընթացքում Հայաստանը բարդ ու դժվարին ճանապարհ է անցել` ունեցել և ձեռքբերումներ, և անկումներ։ Այսօր էլ մեր երկիրը դժվարին ժամանակահատվածում է գտնվում և, առավել քան երբևէ, այս փուլում կարևոր է յուրաքանչյուրիս ջանքը՝ թանկ գնով ձեռք բերված անկախության պահպանման, երկրի կայունացման ու հզորացման գործում։ Այս օրերին սահմանին կանգնած մեր քաջորդիների սխրանքները և արյան գնով մեր հողը պահող մեր զավակների նվիրումը մեզ ուժ է տալիս ու միաժամանակ պարտավորեցնում չընկրկելու, չկոտրվելու և մեր ազնիվ պայքարը շարունակելու։

Գլուխ եմ խոնարհում հայրենիքի պաշտպանության համար իրեց կյանքը զոհաբերած մեր քաջորդիների հիշատակի առաջ, շուտափույթ ապաքինում մաղթում մեր վիրավորներին, անհայտության կամ գերության մեջ գտնվող մեր տղաներին մաղթում անփորձանք վերադարձ հարազատ օջախներ։ Պատմականորեն մեզ բաժին է հասել բարդ ու խնդիրներով լի տարածաշրջան, բայց մեր ժողովուրդն անկոտրում է և անսասան, իր այդ տեսակի շնորհիվ հաղթահարել և հաղթահարում է առաջ եկող դժվարությունները։

Եվս մեկ անգամ շնորհավորելով կարևորագույն այս տոնի առիթով՝ դժվարին այս օրերին մեր երկրին մաղթում եմ խաղաղ երկինք, խաղաղ սահմաններ, ամուր հավատ ՝ վաղվա լուսավոր օրվա հանդեպ, իսկ մեր ազգին մաղթում ոգու ամրություն, տոկունություն, միասնականություն, ապրելու և արարելու անսահման ձգտում։

 


Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյան