Տեղի ունեցավ «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի բացումը
Օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա էին Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի, Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանի, Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանի:
«Սուրբ Մարիամ» մանկապարտեզը կառուցվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրականացման համար ներդրվել է մոտ 172 մլն դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է մոտ 20 մլն դրամ: Մանկապարտեզը նախատեսված է 75 երեխայի համար:
Ողջույնի իր խոսքում Դավիթ Առուշանյանը խոսեց մանկապարտեզի կառուցման ծրագրի, դրա կարևորության մասին, ապա անդրադարձավ համայնքապատկան թվով 10 մանկապարտեզներում նախատեսվող վերանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվելու են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: