Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի՛ գյումրեցիներ,

33 տարի է, ինչ դեկտեմբերի 7-ը բոլորիս հիշողության մեջ շարունակում է մնալ որպես ցավի ու խորը կսկիծի վկայություն: Աղետալի այդ օրը հազարավոր գյումրեցիների կյանքը բաժանեց երկու փուլի՝ դեկտեմբերի 7-ից առաջ և հետո: Վայրկյանների և րոպեների ընթացքում խեղվեցին հազարավոր ճակատագրեր, հզոր տնտեություն ունեցող քաղաքը վերածվեց ավերակների:

Այսօր մենք մեր խոնարհումն ենք բերում աղետալի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Իմ խոսքն եմ ուզում հղել նաև բոլոր այն մարդկանց, ովքեր չնայած անհաղթահարելի թվացող դժվարություններին, չամոքվող վշտին, չընկրկեցին, մնացին հարազատ քաղաքում, պայքարեցին, արարեցին ու իրենց ջանքերը ներդրեցին Գյումրու վերակառուցման դժվարին գործում: Չեմ կարող իմ երախտիքի խոսքը չհղել նաև այն անձանց, ովքեր ծանրագույն այդ ժամանակահատվածում աշխարհի տարբեր անկյուններից ձեռք մեկնեցին և կանգնեցին գյումրեցու կողքին:

Օր-օրի նոր շունչ ստացող Գյումրին դեռ շատ չսպիացած վերքեր ունի, բայց գյումրեցին անկոտրում է, իսկ արարելու ձգտումը՝ անսահման:

Սիրելի՛ գյումրեցիներ, ևս մեկ անգամ իմ խոնարհումն եմ բերում երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին, մաղթում բոլորիս ոգու ամրություն, լավատեսություն և տոկունություն:

 


Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյան