Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը հունիսի 3-ին անցկացրել է խորհրդակցություն

Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն այսօր՝ հունիսի 3-ին, անցկացրել է խորհրդակցություն՝ մասնակցությամբ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանի, բաժնի պետերի, համայնքապետարանի ենթակայության որոշ կառույցների ղեկավարների։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են թե՛ համայնքապետարանի, թե՛ ենթակա կառույցների աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։ Քաղաքապետը ևս մեկ անգամ անդրադարձել է համավարակի տարածման կանխարգելման անվտանգության կանոներին, հանձնարարել խստագույնս հետևել պարետի կողմից տրված ցուցումներին՝ կրել դիմակներ, ձեռնոցներ, հաճախակի ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն, հետևողական լինել տվյալ կանոների պահպանմանը համայնքապետարանի բաժիններում: Սամվել Բալասանյանը առանձին-առանձին անդրադարձել է համայնքապետարանի ենթակա կառույցներում համավարակի տարածման կանխարգելման անվտանգության կանոնների պահպանմանն առնչվող հարցերին, տվյալ կառույցները համակարգող բաժինների ղեկավարներին հանձնարարել է հետևողական լինել, որպեսզի պարետի կողմից տրված ցուցումները և անվտանգության կանոները խստագույնս պահպանվեն նաև ենթակա կառույցներում: Սամվել Բալասանյանը ներկաներին նաև հորդորել է բնակիչների հետ ևս աշխատանքներ տանել, համավարակի տարածման կանխարգելման անվտանգության կանոների խախտումներ նկատելու դեպքում պարետի կողմից տրված ցուցումներին (կրել դիմակներ, ձեռնոցներ, հաճախակի ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն) հետևելու կոչերով ու հորդորներով հանդես գալ, միաժամանակ ընդգծել, որ ինքը ևս հետևողական է լինելու: