Սիրելի՛ գյումրեցիներ,
Շնորհավորում եմ բոլորիս Գյումրու օրվա առթիվ: Տոն, որ մեկտեղում է Գյումրու հոգսերով և ձեռքբերումներով ապրող բոլոր մարդկանց: Գյումրին այլևս վեր հառնող ու վերածնվող քաղաք է, որի համար մինչ այս տարված աշխատանքներին եկել են համալրելու տեղական ու միջազգային բազմաթիվ ծրագրեր: Գյումրին այսօր բոլորիս աչքի առաջ վեր է հառնում հնի ու նորի յուրահատուկ ներդաշնակությամբ՝ դառնալով առավել հարմարավետ, գրավիչ քաղաք թե՛ տեղի բնակիչների, թե՛ Հայաստանի և աշխարհի տարբեր անկյուներից Գյումրի այցելողների համար:
Բոլոր ժամանակների մշակութային, սպորտային մայրաքաղաք Գյումրին մշտապես կարողանում և այսօր էլ շարունակում է իր հաշվին գրանցել նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Վստահ եմ՝ միայն գյումրեցուն բնորոշ յուրահատուկ թասիբով և անկոտրում կամքով կկարողանանք հաղթահարել դժվարություններն ու վստահ քայլերով շարժվել առաջ: Եկեք տանտիրոջ հոգատարությամբ ու սրտացավությամբ, մեզ բնորոշ միասնականությամբ կողք կողքի կանգնենք, միասին արարենք ու շենացնենք մեր սիրելի քաղաքը:
Սիրելի գյումրեցիներ, ևս մեկ անգամ շնորհավորելով բոլորիդ Գյումրու օրվա առիթով՝ մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, լավատեսություն և բարեկեցություն:
Շնորհավոր տոնդ, վարպետների քաղաք Գյումրի
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան