Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

 Ապրիլի 11-ին` ժամը 15:00-ին, Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ տեղի կունենա «Քեսաբ» ֆիլմաշարի առաջին մասի ցուցադրությունը: Ֆիլմին կհաջորդի քննարկում ֆիլմի համահեղինակ, ռեժիսոր Նանե Բագրատունու և քեսապցի Յակոբ Քորթմոսեանի հետ հետ: Ֆիլմաշարի առաջին ֆիլմը ներկայացնում է Սիրիայի և Թուրքիայի սահմանին, Միջերկրական ծովի ափին գտնվող հին հայկական բնակավայրի` Քեսաբի պատմությունը:
Ֆիլմում ներկայացվում է քեսաբցու կյանքն ու գոյատևման գաղտնիքները, ազգային ինքագիտակցությունն ու մշակութային առանձնահատկությունները, Քեսաբ հայկական մշակութային կղզին, որը հարատևել է թուրքական պետության եռակողմ հարևանությամբ, արաբների հետ համակեցությամբ:
Ֆիլմի հերոսները հենց տեղաբնակներն են` Քեսաբի բնակիչները. նրանք, ներկայացնելով իրենց պատմությունը սկսած մեր թվարկությունից առաջ` Տիգրան Մեծի ժամանակներից, հասնում են մինչ 21-րդ դար: Անդրադառնում են թուրքերի կողմից կազմակերպած 1909թ.-ի տեղահանությանն ու թալանին, 1915թ.-ի հայոց եղեռնին, և դրանից 3 տարի անց իրենց վերադարձին:
Քեսաբցի գիտնական, ազգագրագետ Հակոբ Չոլաքյանը, արաբ գիտնական Նիզար Խալիլին, պատմում են Քեսաբի պատմությունը փաստերով, իսկ բնակիչները` փոքրիկ դպրոցահասակներից մինչ տարեցներ ներկայացնում են իրենց անձնական պատմությունները, մասնավոր դիպվածներ:
102-ամյա քեսաբցի Գալիլ Նանան /Գալիլիա Մանճիկյանը/, ով 1915թ.-ին 7 ամյա աղջնակ է եղել, պատմում է եղեռնի մասին իր հիշողությունները` խոսելով իր ձեռքի փրկարար դաջվածքի մասին:
«Քեսաբ» վավերագրական ֆիլմ-նախագծի մտահղացման հեղինակներն են Մխիթարյան միաբանության վարդապետ Հայր Համազասպ Քեշիշյանը, Նորայր Մելքոնյանը, Նանե Բագրատունին, Լիպարիտ Ասատրյանը: Ֆիլմը նկարահանվել է 2009-2010թթ.-ին:
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել «Մեդիա կենտրոն» (+374 60) 505 898, (+374 99) 755 898: Էլ փոստ` Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար :