Սիրելի´ համաքաղաքացիներ,
2001թ-ին համայնքի ավագանու որոշմամբ հաստատվել է քաղաքի զինանշանը, իսկ 2011թ-ին՝ քաղաքի դրոշը:
Կարգախոսի և հիմնի ընտրությամբ կամբողջացվեն քաղաքի անհատականացման խորհրդանիշերը:
Կարգախոսը, զինանշանը, դրոշը և հիմնը կարող են ձևավորել քաղաքի որոշակի իմիջ՝ կերպար, որը մարդկանց գիտակցության մեջ կձևավորի ասոցիացիաների որոշակի ամբողջություն և կարող է նպաստել զբոսաշրջության զարգացմանը:
Ձեզ կոչ ենք անում մասնակցել հիմնի և կարգախոսի ընտրության քննարկմանը:
Գյումրու օրհներգի ընտրության առաջարկվող գործընթաց
1. <<Գյումրի-Լենինական>> երգի Գյումրու օրհներգի առաջարկվող տարբերակի և այլ տարբերակների քվեարկության կազմակերպում Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
2. Առավելագույն ձայներ ստացած տարբերակի ներկայացում ավագանու հաստատմանը:
<<Գյումրի-Լենինական>> երգի՝ Գյումրու օրհներգի առաջարկվող տարբերակ
ԳՅՈՒՄՐԻ-ԼԵՆԻՆԱԿԱՆ
Խոսք՝ Հովհաննես Շիրազի
Երաժշտություն՝ Վլադիլեն Բալյանի
Կատարումը՝ Ռուբեն Մաթևոսյանի
Հայաստանի աղն ես, Գյումրի,
Դու խոսքաշեն, սրամիտ,
Ճշմարտության մաղն ես, Գյումրի,
Դու իմաստուն, միամիտ:
Աղջիկներդ տնարար են,
Անմահության օրորոց,
Տղաներդ շինարար են,
Դու հանճարեղ քարագործ:
Կրկներգ Դու իմ Գյումրի-Լենինական դու իմ նոր,
Արագածին բազմած արծիվ փառավոր:
ՎԼԱԴԻԼԵՆ ԲԱԼՅԱՆ
Կոմպոզիտոր
Ծնվել է 1924թ. ապրիլի 25-ին, Երևանում: Սովորել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական և խմբավարային ֆակուլտետներում: 1952-54թթ եղել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը: Եղել է Հայաստանի Ռադիոյի երաժշտական հաղորդումների առաջին գլխավոր խմբագիրը: 1955-61թթ ղեկավարել է Հայաստանի խորեոգրաֆիկ ուսումնարանը: 1964-65թթ եղել է Հայֆիլհարմոնիայի տնօրենը: 1966թ. ստեղծել է Ալ.Սպենդիարյանի անվան տուն-թանգարանը և մինչ 1972թ. եղել է տնօրենը: 1981թ-ից եղել է Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի ղեկավարը: Ստեղծագործել է տարբեր ժանրերում` սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային: Հեղինակել է բազմաթիվ երգեր: Հայաստանի Կոմպոզիտորների, Ժուռնալիստների, Մոսկվայի Հայերի միությունների անդամ է: «Հայաստան-Լիբանան» կազմակերպության նախագահն է: Պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: Արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, 2011թ.` ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը
Կարգախոսի ընտրության առաջարկվող գործընթաց
1. Ժյուրիի ընտրություն,
2. Կարգախոսի ընտրության չափորոշիչների հաստատում,
3. Մրցույթի հայտարարում
4. Քաղաքապետարանի Էլեկտրոնային հասցեով և նամակներով ստացված կարգախոսի տարբերակների տեղադրում քաղաքապետարանի պաշտոնական կայքում,
5. Կայքում տեղադրված կարգախոսի տարբերակներից ժյուրիի կողմից 7 տարբերակների ընտրություն,
6. Ժյուրիի կողմից ընտրված կարգախոսի 7 տարբերակների քվեարկության կազմակերպում Գյումրու պաշտոնական կայքում,
7. Առավելագույն ձայներ ստացած կարգախոսի ներկայացում ավագանու հաստատմանը:
Կարգախոսին ներկայացվող չափորոշիչների տարբերակ
Կարգախոսը պետք է՝
1. կազմված լինի 4 բառից ոչ ավելի,
2. բնութագրի քաղաքի ինքնատիպությունը,
3. արտահայտի զգացմունք,
4. լինի հեշտ հիշվող և ադապտացվող օտար լեզուների համար: