Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց Շիրակի մարզի շուրջ երեք տասնյակ հասարակական կազմակերպությունների և առանձին նախաձեռնությունների ներկայացուցիչների: Հանդիպման ընթացքում Սամվել Բալասանյանը խոսեց քաղաքապետարանի և հասարակական կազմակերպությունների միջև կապերի խորացման և նմանատիպ շփումներն ավելի ինտենսիվ դարձնելու անհրաժեշտության մասին: ՀԿ-ների ներկայացուցիչներն իրենց հերթին քաղաքապետին ուղղեցին մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին քաղաքի զարգացման քառամյա ծրագրում լրացումներ կատարելուն, համատեղ ծրագրերի անցկացման հեռանկարներին, միջոցառումների անցկացման համար շենքային պայմաններ տրամադրելուն և այլն: Բարձրացված հարցերին քաղաքապետի կողմից տրվեցին սպառիչ պատասխաններ, միաժամանակ կարևորվեց քաղաքի զարգացման գործում ՀԿ-ների ակտիվ ներգրավվման անհրաժեշտությունը` սկսած քաղաքային շաբաթօրյակների անցկացումից, մինչև իսկ խոշոր ծրագրերի համատեղ իրագործումը: