Home Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍՅԱՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Saturday, 31 December 2016 13:31

Սիրելի հայրենակիցնե՛ր,
Մի քանի ժամից պատմություն կդառնա 2016 թվականը: Տարին Գյումրու համար ձեռբերումների տարի էր: 2016 թվականին միասին կարողացանք լայնածավալ աշխատանքներ իրականացնել Գյումրու համար այնքան կարևոր ոլորտներում՝ ինչպիսիք են փողոցաշինությունը, քաղաքի լուսավորությունը, բակերի բարեկարգումը, խաղահրապարակների տեղադրումը և այլն:
Գալիք 2017 թվականը Գյումրու համար ևս կլինի նոր հաջողությունների ու ձեռքբերումների տարի: 2017 թվականին կմենկնարկի 23.8 միլիոն եվրո արժողությամբ դրամաշնորհային-վարկային ծրագիրը, որի շրջանակներում կիրականացվեն փողոցաշինական, քաղաքի լուսավորման ցանցի արդիականացման լայնածավալ աշխատանքներ: 3-րդ փուլով քաղաքում կշարունակվի խմելու ջրի նոր ջրագծերի անցկացման ծրագիրը:
Անցնող տարում Գյումրին կարողացավ պատվով կրել Գյումրին 2016 թվականի Երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը, որի շրջանակներում տարատեսակ միջոցառումներ անցկացվեցին՝ քաղաքը երիտասարդների համար յուրովի հետաքրքիր դարձնելով: 2016թվականին շահագործման հանձնվեցին երիտասարդների համար կարևոր մի կառույցներ: Գալիք տարին ևս երիտասարդության հիմնահարցերը կլինեն մեր ուշադրության կենտրոնում, մասնավորապես, զբաղվածության հարցը:
2016-ին սպորտում Գյումրիի գրանցած հաջողություններն աննախադեպ էին: 20-ամյա դադարից հետո Հայաստանը Օլիպաիական խաղերում կարողացավ ոսկե մեդալ նվաճել: Գյումրեցիներիս հպարտությունը` Արթուր Ալեքսանյանը Ռիոյում կայացած ամառային Օլիմպիական խաղերից վերադարձավ օլիմպիական ոսկով, մեծ ցնծություն պարգևելով ոչ միայն գյումրեցիներին, այլ՝ ողջ հայությանը: Գյումրեցի մարզիկները հաջողություններ ունեցան նաև Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, ևս մեկ անգամ ապացուցելով, որ Գյումրին հայության սպորտային մայրաքաղաքն է:
Անօթևանության ու Գյումրին տնակներից ազատելու խնդիրը շարունակում է մնալ իմ թիվ մեկ մտահոգությունը: 2015թ.–ից մեկնարկած «Գյումրին առանց տնակների ծրագրի» շրջանակներում 2016 թվականին մոտ 20 ընտանիք ստացավ բնակարան: «Գյումրին առանց տնակների ծրագիրն» իր շարունակությունը կունենա նաև 2017թ-ին: Քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում այս պահին Գյումրիում իրականացվում է նաև սոցիալական բնակարանների կառուցման ծրագիրը:
2016 թվականին իր դարակազմիկ իրողությամբ առանձնացավ գյումրեցիներիս համար: Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Գյումրի պատմական մեծ իրադարձություն էր, որն իր հետ Գյումրի բերեց նաև հարյուրավոր հավատացյալների՝ աշխարհի բոլոր երկրներից:
Սիրելի գյումրեցիներ, շնորհավորում եմ Ձեր բոլորի գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը: Իմ մաղթանքն է, որ այս նոր տարին գյումրեցիների համար լինի նոր աշխատատեղերի, քաղաքը տնակներից ազատելու, առավել բարեկարգ դարձնելու տարի, իսկ ձեզանից յուրաքանչյուրին ցանկանում եմ քաջառողջություն, բարեկեցություն, թող ձեր ընտանիքներում միայն ու միայն տիրի սեր, համերաշխություն և բարություն:
Հատուկ ուզում եմ շնորհավորել նաև սահմանին կանգնած մեր զինվորների Ամանորն ու Սուրբ ծնունդը, ցանկանալով նրանց խաղաղ երկինք և բարի վերադարձ հարազատ օջախներ:
Աստված մեզ պահապան: