Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՅՈՒՄՐՈՒ ՕՐՎԱ ԿԱԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Sunday, 25 September 2016 10:27

Սիրելի՛ գյումրեցիներ,
Ի սրտե շնորհավորում եմ Գյումրու օրվա առթիվ, տոն, որ ևս մեկ առիթ է միավորվելու, մեկտեղելու այն մարդկանց ում համար թանկ է Գյումրին: Պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող քաղաքն այսօր հնի ու նորի յուրահատուկ ներդաշնակությամբ ներկայանալով հանրությանը՝ շարունակում է իր ուրույն տեղն ունենալ մեզանից յուրաքանչյուրի սրտում ու մտքում:
Գյումրին այլևս վեր հառնող, պայքարող ու վերածնվող քաղաք է, որն օր-օրի ծաղկելով վերածվում է ավելի գեղեցիկ ու հարմարավետ քաղաքի: Դանդաղ բայց հաստատուն քայլերով առաջ ընթանալու մեր անկոտրում կամքի շնորհիվ այսօր շարունակվում է կիսակառույց շենքերի վերականգնումը, նորոգվում ու բարեկարգվում են գլխավոր ու թաղային նշանակության փողոցներ, լուսավորվում են թաղամասեր, վերականգնվում պատմամշակութային արժեքներ: Նաև սպորտային հարուստ ավանդույթներով հայտնի մեր քաղաքն այսօր էլ շարունակում է բարի ավանդույթների ընթացքը, նորանոր չեմպիոններ ու մրցանակակիրներ տալով ոչ միայն հանրապետության, աշխարհի ու եվրոպայի առաջնություններում, այլ նաև՝ Օլիմպիական խաղերում:
Վստահ եմ, որ գյումրեցու անսասան կամքը, հավատը և արարելու մեծ ձգտումը կօգնի մեզ բոլորիս՝ միասին հաղթահարելու բոլոր դժվարությունները, իսկ տանտիրոջ հոգատարությամբ ու սրտացավությամբ ունեցած մեր վերաբերմունքը միտված կլինի միայն քաղաքն ավելի գեղեցկացնելուն, նրան նոր շունչ հաղորդելուն:
Սիրելի գյումրեցիներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս՝ Գյումրու օրվա առիթով, մեզանից յուրաքանչյուրին ցանկանալով քաջառողջություն, հաջողություններ և լավատեսություն: Շնորհավոր տոնդ, իմ հաղթական քաղաք Գյումրի:

Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան