Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՆՈՐ ՏԱՐՎԱ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Wednesday, 30 December 2015 20:04

 

 Սիրելի հայրենակիցներ
Մի քանի ժամից պատմություն կդառնա 2015 թվականը Տարին սկսվեց մեզ բոլորիս ցնցած Ավետիսյանների ընտանիքի ողբերգությամբ, սակայն գյումրեցին, ինչպես միշտ, իր մեջ ուժ գտավ հաղթահարելու ցավը և իրեն բնորոշ կենսունակությամբ շարունակեց քաղաքը շենացնելու ու զարգացնելու իր ուղին:
2015 թվականին միասին մենք կարողացանք զգալի առաջընթաց ապահովել մեր քաղաքի համար կարևոր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են փողոցաշինությունը և արտաքին լուսավորությունը: Իրականացվեց տուֆ քարով սալիկապատման փորձնական ծրագիրը, որի շնորհիվ կարծես թե գտանք թաղային փողոցների ու նրբանցքների բարեկարգման մատչելի տարբերակ:
Գալիք 2016 թվականը ևս Գյումրու համար լինելու է փողոցաշինության տարի, 15-ից 20 –ով ավելանալու է երթևեկելի ու բարեկարգ փողոցների թիվը: Հուսով եմ, որ կմենկնարկի նաև 23 միլիոն եվրո վարկի առաջին փուլը: Փորձելու ենք տրամաբանական ավարտին հասցնել նաև քաղաքի լուսավորման խնդիրը: Հպարտությամբ կարող եմ նշել, որ Գյումրին հռչակվեց 2016 թվականի Երիտասարդական մայրաքաղաք ինչը և արդարացված է, և ինչ-որ տեղ՝ նաև խորհրդանշական, քանի որ հաջորդ տարի մեր երիտասարդները և պատանիները կունենան իրենց կենտրոնները՝ Երիտասարդական պալատ, Պիոներ պալատ, պարարվեստի դպրոց և այլ օջախներ:
Անցնող տարին հոբելյանական էր մեր մայր թատրոնի համար՝ Գյումրին նշեց Վարդան Աճեմյանի անվան թատրոնի 150 ամյակը, տպավորիչ մի տարեդարձ, որ ապացուցում է՝ թատրոնը եղել և մնում է Գյումրու մշակութային կյանքի թիվ մեկ զարկերակը:
2015-ին սպորտում Գյումրին ունեցավ աննախադաեպ հաջողություններ՝ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնններ և ընդհանուր հաշվով՝ 483 մեդալակիրներ : Հուսով ենք , որ 2016 թվականին մեր սպիտակ արջը՝ Արթուր Ալեքսանյանը, Գյումրիին կնվիրի օլիմպիական ոսկի, որով ևս մեկ անգամ կապացուցենք , որ Գյումրին հայությանս պորտային մայրաքաղաքն է:
Միևնույն ժամանակ մենք չպետք է մոռանանք մեր այն համաքաղաքացիներին, որոնք Ամանորը նշելու են տնակներում, 2015թ.–ին մենք սկսեցինք Գյումրին առանց տնակների ծրագիրը, գալիք տարում ամեն ինչ անելու ենք, որ հնարավորինս շատ մեր համաքաղաքացիներ, ընդմիշտ հրաժեշտ տան տնակներին: Սիրելի գյումրեցիներ, շնորհավորում եմ Ձեր գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթում եմ Ձեզ ամենալավը, մենք արժանի ենք դրան, թող ամեն մի գյումրեցու օջախում տիրի սեր համերաշխություն և բարեկեցություն: Մեզ շատ բան պետք չէ առողջություն, խաղաղություն և աշխատատեղ, մնացածին գյումրեցին ինքը կհասնի իր արժանապատիվ աշխատանքով:
Հատուկ ուզում եմ շնորհավորել սահմանին կանգնած մեր զինվորների Ամանորն ու Սուրբ ծնունդը, ցանկանալով նրանց խաղաղ երկինք:
Աստված մեզ պահապան: