Գլխավոր էջ Information Center News Թատերարվեստի մի խումբ ներկայացուցիչներ Գյումրու համայնքապետարանում էին

Թատերարվեստի մի խումբ ներկայացուցիչներ Գյումրու համայնքապետարանում էին
Թատրոնի միջազգային օրվա առիթով Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հյուրընկալել է Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններին՝ գլխավորությամբ գեղարվեստական ղեկավար և տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի, Մտորումների թատրոնի դերասաններին՝ գլխավորությամբ ՀՀ վաստակավոր արտիստ, Մտորումների թատրոնի հիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանի, Գյումրու Ստ․ Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասաններին՝ գլխավորությամբ տիկնիկային թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանի։
Վարդգես Սամսոնյանը ողջունել է ներկաներին, շնորհավորել բոլորին մասնագիտական տոնի առիթով, իր խոսքում միաժամանակ բարձր գնահատել թատրոնի դերը գյումրեցիների կյանքում, խոսել Գյումրու թատերարվեստի բարձր նշաձողի, բերմադրվող ներկայացումների հաջողությունների մասին:
Ողջույնի և շնորհակալության խոսքով հանդես է եկել նաև Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը, ապա ավելացրել, որ համայնքապետարան-թատրոն կապը մշտապես ամուր է եղել, համայնքապետարանը ցանկացած խնդրի դեպքում կանգնած է եղել թատրոնի կողքին և վստահ է, որ այն նույն կերպով շարունակվելու է: Լյուդվիգ Հարությունյանն իր խոսքում կարևորել է նաև համայնքային իշխանության ներկայությունը թատերական ներկայացումների՝ հատկապես առաջնախաղերի ժամանակ:
Թատրոնի միջազգային օրվա առիթով, ինչպես նաեւ թատերական արվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի եւ արդյունավետ աշխատանքային գործունեության համար Գյումրի համայնքի ղեկավարի պատվոգրերով պարգևատրվեցին թատերական արվեստի մի խումբ ներկայացուցիչներ: «Արտավազդ-2022»-ին «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչվելու համար պատվոգրով պարգևատրվեց Գյումրու պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Հասմիկ Սուվարյանը, պատվոգրով պարգևատրվեց նաև Գյումրու պետական դրամատիկական թատրոնը՝ «Արտավազդ-2022»-ին «Մաուգլի» ներկայացման համար «Հատուկ մրցանակ» ստանալու առիթով: