Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ

Հարգելի գյումրեցիներ,

Ավարտին է մոտենում 2021 թվականը և ժամեր անց ևս մեկ տարի դառնում է պատմություն: Տարին, անշուշտ բարդ էր. հետպատերազմյան ժամանակահատված, չնահանջող համավարակ, այս իրողությունների հետ առաջ եկող որոշակի դժվարություններ: Չնայած այս ամենի՝ ողջ տարվա ընթացքում կարողացանք բնականոն հունով կազմակերպել աշխատանքներն ու սահուն քայլերով առաջ գնալ:

Համայնքի ղեկավարի ընտրություններից հետո, իմ պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում, հասցրել եմ առավել խորքից ծանոթանալ քաղաքում առկա խնդիրներին: Չնայած անցնող տարիներին իրականացված լայնածավալ աշխատանքներին և ծրագրերին՝ քաղաքում դեռ շատ ու շատ խնդիրներ կան, որոնք առաջնահերթությամբ լուծման կարիք ունեն. անօթևանության խնդիր, աշխատատեղերի ավելացում, քաղաքի մի շարք թաղամասերի բարեկարգում և վերակառուցում: Այս ոլորտներում առկա խնդիրների նվազեցման, վերացման համար շարունակելու ենք մեր հետևողական աշխատանքը:

2022թ.-ին ևս շարունակվելու են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի, Համաշխարհային բանկ ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում քաղաքի բարեկարգման ու զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Բաց ենք նաև քաղաքի վերակառուցման և զարգացման ուղղությամբ իրատեսական ծրագերի և գաղափարների իրականցման գործում մեր ջանքերը ներդնելու: Վերջին տարիներին մեր քաղաքը մեծ հետաքրքություն ունի զբոսաշրջիկների մոտ. ամեն բան անելու ենք այս ոլորտում առավել մեծ հաջողություններ գրանցելու, աշխարհի բոլոր անկյուններից Գյումրի եկող մարդկանց համար առավել հարմարավետ պայմաններ ապահովելու համար:

Սիրելի գյումրեցիներ, շնորհավորում եմ ձեր բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2022 թվականը աշխարհասփյուռ հայության համար լինի խաղաղության, բարեկեցության, տնտեսական հզորացման և կայունացման տարի: Այսօր, առավել քան երբևէ, մեր ժողովուրդին պետք է համախմբվածություն, անկոտրում կամք ու լավատեսություն՝ մեր երկրի առաջ ծառացած խնդիրներին դիմակայելու և դրանք պատվով հաղթահարելու համար:

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել սահմանին կանգնած մեր զինվորների, հայրենիքի նվիրյալ զավակների Ամանորն ու Սուրբ ծնունդը, ցանկանալ նրանց խաղաղ երկինք և բարի վերադարձ հարազատ օջախներ: Իմ և բոլոր գյումրեցիների անունից ուզում եմ մեր խոնարհումը բերել նաև հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր քաջորդիների հիշատակին, բարի վերադարձ կամենալ գերության կամ անհայտության մեջ գտնվող մեր զավակներին:

Աստված պահապան մեր երկրին և մեր ազգին:

 


Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյան