Home Information Center News յումրիի քաղաքապետն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

յումրիի քաղաքապետն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

Monday, 21 January 2013 21:03

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր պաշտոնավարման 100 օրվա ավարտին վստահեցրել է, որ իրականացրել է նախընտրական խոստումներից շատերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով այս ընթացքում կատարված աշխատանքներից, այս մասին լրագրողներին վստահեցրել է անձամբ Սամվել Բալասանյանը: Գյումրիի նոր քաղաքապետն իր ամենամեծ ձեռքբերումը համարում է լրատվամիջոցների հետ թափանցիկ աշխատելը, «ինչը հաստատում են նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները»:

«Հաջորդ մեծ ձեռքբերումն ավագանու ինստիտուտի կայացումն էր: Դա արդեն ճիշտ հիմքերի վրա ենք դրել: Արդեն կա բազմակարծության ամբիոն: Առաջին անգամ ավագանու ընդունած բոլոր որոշումներն ընդգրկվում են «Նորմատիվ իրավական ակտերի ժողովածու»-ի մեջ: Լավ աշխատանք է ծավալվել նաեւ հասարակական կազմակերպությունների հետ»,-նշեց քաղաքապետը:

Մամուլի ասուլիսի ընթացքում Սամվել Բալասանյանը հակիրճ ներկայացրեց «Գյումրին` 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների նախագիծը, իսկ քաղաքապետարանի բնակկոմունալ տնտեսության եւ ֆինանսական բաժինների վարիչները ներկայացրին իրենց բաժիններում կատարված աշխատանքները: «Շատ լավ, բայց միեւնույն ժամանակ բավական ծանր աշխատանք է` շուրջ հիսուն միջոցառում: Արդեն պատրաստի նախագիծն ուղարկվել է ՀՀ մշակույթի նախարարությանը: Նախագիծը հաստատվելուց հետո կկազմվի ժամանակացույց: Սա հնարավորություն է եւս մեկ անգամ ԱՊՀ երկրներում ներկայացված լինելու»,-նշեց քաղաքապետը:

Այս ընթացքում փակվել են քաղաքապետարանում կուտակված աշխատավարձերի եւ մի շարք այլ պարտքեր, ինչը Բալասանյանը շատ կարեւոր է համարում:

«Եթե տեխնիկա չունենալով կարողացել ենք ձմեռային սեզոնին աղբահանություն կազմակերպել եւ փողոցները մաքրել, ապա հաջորդ տարի ամեն ինչ «իդեալական» է լինելու»,-իր համոզմունքը փոխանցեց քաղաքապետը:

Մամուլի ասուլիսի ժամանակ Սամվել Բալասանյանը, համեմատելով ԱԺ-ում եւ Գյումրիում ունեցած իր աշխատանքները, Բալասանյանը նշեց, որ քաղաքապետի պաշտոնում շատ ավելի դժվար է: Նաեւ պատասխանելով լրագրողների հարցին` նշեց, որ ծառայողական մեքենա չունի, աշխատավարձ չի ստանում. այն փոխանցում է հիմնադրամին: «Փառք Աստծո, մեքենա ունեմ, ոչ մի վառելանյութից չեմ օգտվել, աշխատավարձ չեմ ստացել, ծառայողական մեքենա էլ պետք չէ, իսկ ԱԺ-ի «Մոսկվիչ»-ն օտարելու եմ»,-ավելացրեց քաղաքապետը: