Home Information Center News ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ գյումրեցիներ…

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Գյումրու օրվա առթով: Կորոնավիրուսային համավարակով և արտակարգ դրությամբ պայմանավորված՝ այս տարի քաղաքի տոնը մեծ շուքով նշել և մեծաթիվ հյուրեր ընդունել քաղաքում՝ ցավոք չենք կարողանա, փոխարենը մեր քաղաքից սեր ու ջերմություն, բարություն եւ հոգատարություն ենք ուղարկում ողջ աշխարհին՝ մարտահրավերներով լեցուն այս ժամանակաշրջանի դժվարությունները պատվով հաղթահարելու համար։

Պատմամշակութային հարուստ ժառանգություն, զբոսաշրջային մեծ պոտենցիալ ունեցող մեր Գյումրին շարունակում է վեր հառնել և աշխարհին ներկայանալ առավել բարեկարգ ու գեղեցիկ, վերակառուցված հնի ու նորի յուրահատուկ ներդաշնակությամբ։ Տարիների արդյունավետ ու համակարգված աշխատանքի արդյունքում այսօր Գյումրին հավակնում է դառնալ Հայաստանի ամենատուրիստական քաղաքներից մեկը։ Այն, որ Գյումրին զբոսաշրջային լուրջ գրավչություն ունի՝ տարեսկզբին ամրագրվել էր նաև ամերիկյան Ֆորբս ամսագրի կողմից. ճանապարհորդելու համար 17 ամենագեղեցիկ վայրերի ցանկում ընդգրկված էր նաև մեր շատ սիրելի քաղաքը։ Մենք վստահ ենք, երբ աշխարհը բացի իր դռները, մեր քաղաքը շարունակելու է իր շբոսաշրջային թռիչքը ու մենք, մեզ վայել հյուրընկալությամբ, շարունակելու ենք ընդունել հազարավոր հյուրերի։

Փողոցների հիմնանորոգման, քաղաքի բարեկարգման, լուսավորության ցանցի արդիականացման և մի շարք այլ ուղղություններով նախորդ տարիներին մեկնարկած ծրագրերը լայն թափով շարունակվում են նաև այս տարի։ Շինհրապարակի վերածված քաղաքի տարբեր հատվածներում չեն դադարում մուրճի թխկոցներն ու տեխնիկայի աշխատանքը՝ քաղաքը օր-օրի ավելի գեղեցիկ ու հարմարավետ դարձնելով:

Մշակութային, սպորտային մայրաքաղաքի տիտղոսը կրող Գյումրին չի դադարում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ գրանցել իր հաշվեկշռում: Անկախ բոլոր դժվարություններից՝ գյումրեցին իրեն բնորոշ յուրահատուկ թասիբով, անկոտրում կամքով և վճռականությամբ կարողանում է հաղթահարել առաջ եկող խնդիրներն ու վստահ քայլերով շարժվել առաջ: Մեր ունեցածը պահելու և այն առվել զարգացնելու համար պետք է մեզանից յուրաքանչյուրի հոգատարությունն ու սրտացավությունը։ Եկեք կողք կողքի կանգնենք, տանտիրոջ հոգատարությամբ, միասին արարենք ու շենացնենք մեր քաղաքը, խնամենք ու պահպանենք մեր սիրելի քաղաքի ամեն մի քարը։

Սիրելի գյումրեցիներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ Գյումրու օրվա առիթով, մաղթելով ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և լավատեսություն: Թող ձեր դեմքից երբեք չպակասի ժպիտը, հումորն ու ծիծաղը ուղեկից լինի ձեզանից յուրաքանչյուրին:

Շնորհավոր տոնդ, իմ սեր Գյումրի…

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան